Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանովին զարմացրել է այն հանգամանքը, որ վարչապետի շարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ (տեսանյութ)

Հուլիս 10,2018 11:29

Ռուս հայտնի բլոգեր Ռոման Ռոմանովը, որը Հայաստանում հեղափոխության օրերին պարբերաբար այցելում էր Հայաստան և անկեղծ հուզմունքով հետևում հայաստանյան իրադարձություններին, մտերմիկ զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վաղ առավոտյան ժամը՝ 6:30 նրանք դուրս են եկել տնից  և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են մարզասրահ: Ճանապարհին Փաշինյանը պատմել է, որ իր աշխատանքային օրը տևում է 14-16 ժամ, բայց դա իր համար նորություն չէ, քանի որ այդպես ինքն աշխատել է նաև նախքան վարչապետ դառնալը: Ռոմանովին զարմացրել է այն հանգամանքը, որ վարչապետի շարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ և հարցրել՝ չի՞ օգտվում իրեն տրված արտոնությունից. «Նախկինում երբեմն եղել է նման բան, բայց ես խնդրեցի անվտանգության ծառայությանը այդպես չանել: Կարծում եմ, որ դա շատ անհարմար է մյուս մարդկանց համար»,- պատասխանել է Փաշինյանը:

Հետո բլոգերը վարչապետի հետ գնացել է մարզասրահ: Փաշինյանը նշել է, որ մարզվում է նույն մարզասրահում, որտեղ նախկինում, և նույն մարզչի հետ: Լրագրողի հարցին՝ չի՞ սիրում փոխել սովորույթները, Փաշինյանն ասել է, որ եթե դրանք վատ սովորույթներ են փոխում է: «Օրինակ` ես ծխել եմ մինչև 2004թ-ը, հետո թողեցի: Այսինքն` արդեն 14 տարի չեմ ծխում»,- ասել է նա:

Մարզասրահից Փաշինյանը դուրս է եկել արդեն պաշտոնական հագուստով, և Ռոմանովն անցել է «լուրջ» հարցերին: Լրագրողը նկատել է, որ Մոսկվայում Փաշինյանը կապույտ շքեղ կոստյումով էր և հարցրել՝ հատու՞կ էր դա գնել: Փաշինյանը պատասխանել է, որ դա իր հին կոստյումն էր և դրանով բազմիցս ելույթներ է ունեցել խորհրդարանում: Ավելին, վարչապետն ասել է, որ ինքը բավականին բարձր աշխատավարձ է ստանում և թանկ հագուստ չի կրում:

Անդրադառնալով ընդհանուր առմամբ կառավարության անդամների աշխատավարձին՝ Փաշինյանն ասել է. «Պայմանն այսպիսին է. պետք է սկզբում բարձրացնել բյուջեի եկամուտները, որպեսզի դա լինի մեր աշխատանքի արդյունքը և գնահատականը, որից հետո միայն մտածել այդ մասին: Այսինքն` ես չեմ կարծում, որ մենք սկզբում պետք է մտածենք մեր աշխատավարձի մասին: Ես կարծում եմ, որ սկզբում պետք է մտածենք մյուս մարդկանց՝ Հայաստանի քաղաքացիների աշխատավարձի մասին, և միայն դրանից հետո՝ սեփական»:

Խոսելով սեփական աշխատավարձի մասին՝ Փաշինյանն ասել է, որ այն կազմում է մոտ 2000 դոլար, իսկ «Երկրի հակառակ կողմը» գրքի համար այս փուլում ստանում է մոտ 7000 դոլար հոնորար: Ռոմանովին զարմացրել է այն հանգամանքը, որ արդեն 4 տարի պետական ապարատում աշխատավարձերի նույն սահմանն է, իսկ դրանից առաջ ավելի ցածր է եղել: «Ի՜նչ տնտեսող են եղել տղաները, որ այդ աշխատավարձով իրենց համար դղյակներ են կարողացել կառուցել,- հեգնել է նա:- Կարողանում են էլի մարդիկ տնօրինել փողերը»:

Հետո Ռոմանովը հետաքրքրվել է՝ որքան արժե վարչապետի ժամացույցը, որին Փաշինյանը պատասխանել է, որ այն մոտ 200 դոլարանոց ժամացույց է և երեք տարի առաջ նվեր է ստացել կնոջից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031