Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին տեղեկությունը «Առավոտին» հաստատել է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը. «Ծանուցումն ուղարկվել է, Խաչատուրովն էլ տեղեկացրել է, որ հուլիսի վերջին կներկայանա»:
Հիշեցնենք, ավելի վաղ մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանը և բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող նախկին Փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով հարցին՝ հարուցված քրեական գործի հիմքում դրվել է հենց փաստահավաք խմբի պատրաստած զեկույցը՝ բանակի մասնակցության մասով, եթե այդ տրամաբանությունը պահպանվի, ի՞նչ ուղղությամբ կարող է ընթանալ գործի քննությունը և մինչև ուր կարող է հասնել՝ ասել էր. «Ես պատկերացնում եմ 00-38 հրամանի ամբողջ ծավալը, այնտեղ բազմաթիվ զինվորականներ, առնվազն որպես վկա, պետք է ներգրավված լինեն… Մեր զեկույցում պարզ երևում է գոնե խմբի ղեկավարի մասնակցության անհերքելի լինելը, դա Յուրի Խաչատուրովն է: Այստեղ արդեն մենք խնդիր ունենք, որովհետև նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է»: