Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ու չնայած այլ անուններ Քոչարյանը չի տալիս, բայց նա Մարտի 1-ի մեղքը գցում է այլոց վրա. «Հայկական ժամանակ»

Հուլիս 10,2018 11:07

Կարող ենք արձանագրել մի քանի կարևոր փաստ։ Քոչարյանին, ինչպես ինքն է պնդում, անհանգստացրել է Մանվել Գրիգորյանի պահվածքը, եւ դա է եղել պատճառը որ նա «շտապ միջոցներ» ձեռնարկի։ Մարտի 1-ից հետո, սակայն, Քոչարյանը ակնարկում էր, թե «շտապ միջոցներ» ձեռնարկվել են, քանի որ ցուցարարները փողոցում ավտոբուսների ետեւից դուրս էին գալիս ու կրակում իրավապահների վրա ու թաքնվում էին։ Նա պնդում էր նույնիսկ, որ իբր կան իր այդ ասածը հաստատող կադրեր։ Փաստորեն հիմա Մարտի 1-ին «շտապ միջոցներ» ձեռնարկելու մեղավորը եղել է Մանվել Գրիգորյանը։ «Ամենից անհանգստացնող» մեղավորը։ Այն նույն Մանվել Գրիգորյանը, որը հիմա կալանավայրում է, եւ հանրությունը նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի։

Ու չնայած այլ անուններ Քոչարյանը չի տալիս, բայց նա Մարտի 1-ի մեղքը գցում է այլոց վրա։ Ինչպես ասում են, «հանձնում» է մյուսներին։ Ասում է, թե իբր ուժայինների հետ հանդիպումների ժամանակ «որեւէ քննարկում կամ գործողությունների ծրագրի մշակում չի եղել»։ Նա ընդամենը կարևոր է համարել «ամրապնդել կարգապահությունը ուժային կառույցներում, պահպանել դրանց ամբողջականությունը եւ զերծ պահել կուսակցական ազդեցություններից» եւ վերջ, հասկանում ես։ Մարտի 1-ին ուժ կիրառելու, զորքը Երեւան բերելու հետ նա ոչ մի կապ չունի, հասկանում ես։ ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարից թաքուն են զորքը բերել Երեւան, մինչև արտակարգ դրություն հայտարարելը։ Ընդ որում, իրենից թաքուն զորքը մտցրել են մայրաքաղաք «Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների՝ շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա»։

Քոչարյանը փորձում է նաեւ իրենից վանել այն ժամանակ դեռ ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված 0038 հույժ գաղտնի հրամանը։ Այդ տխրահռչակ հրամանով, որը, ըստ Քոչարյանի, «սովորական մի բան էր», սահմանվում էր հետեւյալը. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին ժամը 18։00-ից տեղափոխել զորանոցային վիճակի մինչեւ հատուկ կարգադրության ստացումը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով։ Երեւանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ»։ Դրանից մի քանի օր անց, նույնիսկ մինչեւ Քոչարյանի կողմից արտակարգ դրության հայտարարումը, որի սահմանադրականությունը նույնպես վիճելի է, զինված ուժերը բերվեցին մայրաքաղաք։ Փաստորեն, ըստ Քոչարյանի, դա արել է Միքայել Հարությունյանը առանց իր հրամանի։ Հիմա Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։ Արդյոք նա հայտնաբերվելուց եւ կալանավորվելուց հետո կասի՞, թե Քոչարյանը նրան նման հրաման տվել է թե ոչ, ցույց կտա ժամանակը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031