Սիրելի´ հայրենակիցներ,
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը: Երեկ ես ներկայացրել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում` քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչն անձամբ ինձ համար անթույլատրելի է:
Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը:
Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից: Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է` մեր հայրենիքի շենացումը, Արցախում և Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար:
Հարգանքով՝
Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին