Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարցեր», որոնք հարցեր չեն

Հուլիս 10,2018 09:58

Մի ծանոթ պահակ ունեմ՝ թոշակառու, շատ բարի մարդ է, բազմաթիվ ազգագրական երգեր գիտի, երբեմն երգում է ինձ համար: Բայց որպես երաժշտագետ ես նրան, բնականաբար, չեմ հետաքրքրում: Նա ինձ համարում է «քաղաքական մեկնաբան»՝ այդ խորհրդային եզրույթով բնութագրում են հեռուստացույցով խոսող մարդկանց, որոնք ամեն ինչ գիտեն եւ ժողովրդին բացատրում են՝ ինչն ինչոց է: Դե, ավագ սերունդը հիշում է Յուրի Ժուկովին կամ Վսեւոլոդ Օվչիննիկովին: Բայց ի տարբերություն խորհրդային քարոզիչների, որոնց շատերն անվերապահորեն հավատում էին, ժամանակակից Հայաստանի տեղեկատվության միջին սպառողը հավատում է միայն այն լուրերին, որոնք համապատասխանում են նրա համոզմունքներին: Դե, իսկ համոզմունքների մասին կարելի է դատել այն «հարցերից», որոնք իմ ծանոթն ինձ տալիս էր: «Հարցեր» բառը չակերտների մեջ եմ առնում, քանի որ դրանք իրականում հարցեր չեն, պնդումներ են, որոնց հաստատումը պահակն ուզում է ինձնից ստանալ:

«Էդ ճի՞շտ ա, որ էս տարվա հունվար-փետրվարին Սերժը մեր հողերը Նախիջեւանի կողմերում 2000 հեկտար տվել ա թուրքերին, հիմա նոր ենք իմանում» – «Չէ, սուտ ա, հեքիաթ ա» – «Բա էն օրը մեկն ինձ տենց բան ասեց» – «Չէ, տենց բան չի կարող լինել»: Իհարկե, չհավատաց՝ եթե հաստատեի նրա պնդումը, հաստատ ավելի լավ «քաղաքական մեկնաբան» կլինեի:

«Բա ե՞րբ են Սերժին ու Քոչարյանին բռնելու» – «Շուտով կբռնեն, երեւի» – «Մինչեւ դրանց չբռնեն, հանգիստ չեմ քնելու» – «Որ բռնեն, ի՞նչ ա լինելու, թոշա՞կդ ա բարձրանալու» – «Չէ, էդ 7 միլիարդ պարտքը, որ դրել են մեր վզին, իրանց թալանածը կվերադարձնեն բյուջե, պարտքը կփակենք» – «Կհերիքի՞» – «Մի բան էլ ավելի կլինի»:

Խոսակցության առաջին դրվագը հիմնված էր կեղծ տեղեկատվության վրա, երկրորդի մեջ ճշմարտության մեծ «չափաբաժին» կար, միայն թվերն ու սպասելիքներն էին չափազանցված: Բայց ամենահետաքրքիրն ինձ համար, իհարկե, երրորդ դրվագն էր:

«Բա Լեւոնին ե՞րբ են բռնելու» – «Լեւոնին է՞լ պիտի բռնեն» (հարց տվողի դերում արդեն ես՝ «քաղաքական մեկնաբանս» էի հանդես գալիս) – «Բա ո՞նց, ամեն ինչ նրանից ա սկսվել» – «Լեւոնն է՞լ ա թալանել» – «Բա էդքան օգնություն, սալյարկա-բենզին էր գալիս, ժողովրդին չէր հասնում» – «Լեւոնը «լեւի» սալյարկա-բենզի՞ն էր ծախում» – «Բա հո ես չէի ծախում, զավոդները փակեց ու ժողովրդի վրա վաուչեր էր ծախում մեկը տասի»:

«Համոզվելով», որ առաջին նախագահին նույնպես պետք է բռնել, ես բարեկամիս ցանկացա բոլոր երազանքների կատարում: Մինչեւ ընտրությունները ժողովուրդը ահագին զբաղվելու բան ունի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Նայում ես ու զարմանում՝ ճիշտ էին, որ ասում էին «ինչ լինում է՝ ժեշտին լինի», դէ «էշն ինչ գիտի, նուշն ինչ է», «խոզի գլուխը ինչքան էլ դնես խալու վրա, մեկ ա, գլորվելու է, ընկնի ցեխը»: Դեռեւս տեսանելի չէ թե ինչպես «մեղր ծախողը մատը կլիզի»:

    Փաշինյանը չի՞ տեսնում, որ կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից (Վարչապետից, խորհրդարանից, ֆինանսների նախարարությունից եւ այլն, Հոդված 1.) ու կենտրոնական բանկը եւ կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել: Կենտրոնական բանկի եկամուտները ենթակա չեն հաստատման Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից (Հոդված 13.):
    Պետություն պետության մեջ:

    Ի՞նչ է արտաբյուջետային ֆոնդը եւ ու՞մ է դա պետք: Ու՞ր են գնում գումարները արտաբյուջետային հաշիվներից:

    Քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Նիկոլը ճիշտ է, ե՞րբ է Փաշինյանը լավության տակից դուրս գալու՝ «լավ» շախմատիստը լավ դիվանագետ կարող է դառնալ:

    Հարցեր, որոնք հարցեր չեն՝ «Աստված էլ բեթարից ազատի»:

  2. Հ.Շ. says:

    միայն մինչեւ ընտրություննե՞րը…

    թերեւս իսկական կրկեսը դեռ անոնցմէ ետք է որ սկսելու է…

    իսկ եթէ այս «panem et circenses»ի կառավարական քաղաքականութեան մէջ շարունակուի լինել միայն circenses-ը, առանց panem-ի, նայինք ի՞նչ են անելու հանդիսատեսները

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031