Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երդմնակալությունից հետո երկիրը թևակոխում է պատմության նոր փուլ և անցում կատարում կառավարման նախագահական կարգին:
Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել այսօր: Թուրքիայի նախագահը նախագահական պալատ է ժամանել կնոջ՝ Էմինեի հետ: Երդմնակալության հանդիսավոր արարողությանը մասնակցում են 21 պետությունների առաջանորդներ, 28 երկրների վարչապետեր և խորհրդարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև 6 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Նկատենք, որ Ադրբեջանը երդմնակալությանը մասնակցում է ոչ թե նախագահի, այլ վարչապետի մակարդակով:
«Այսօր մեր երկրի պատմության կարևորագույն օրերից մեկն է: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, որոնք ինձ տվել են իրենց ձայնը և այս պատասխանատու պաշտոնը: Մենք 40 տարի քաղաքականության մեջ եք: Այս ամբողջ ընթացքում մենք աշխատել ենք՝ ծառայելով մեր ժողովրդին: Աշխատել ենք գիշեր ու ցերեկ: Մենք այստեղ սկսում ենք մեր պատմության նոր փուլը՝ անցնելով նախագահական համակարգի: Սա նոր Թուրքիայի նոր փուլն է: Մենք ասում ենք՝ մեկ ժողովուրդ, մեկ երկիր, մեկ դրոշ»,- ասել է Էրդողանը իր երդմնակալության ելույթում:
Նա խոստացել է, որ «ուժեղ Թուրքիան կղեկավարի ուժեղ կառավարություն և ուժեղ խորհրդարան»:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի համաձայն՝ հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Էրդողանը հաղթել է ձայների 52,59%-ով: Նրա երդմնակալությունից հետո երկիրն անցում կկատարի խորհրդարանականից նախագահական կառավարման կարգի:
Ավելի վաղ՝ երկուշաբթի, Էրդողանը երդվել էր խորհրդարանում՝ կառավարության անդամների և պատգամավորների առաջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ