Ապօրինի ջրագծերը պատկանում են համայնքի ղեկավարին ու նրա կնոջը: Նրանց վճարման է ներկայացվել խոշոր հաշիվ
Շոգը շոգ, բայց ջրի սպառման ավելացումն ամռանը միայն դրանով չի պայմանավորված: Այստեղ զգալի դեր է խաղում նաեւ ապօրինի ջրօգտագործումը ոռոգման նպատակով, առաջին հերթին գյուղերում կամ քաղաքների անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում: Հենց այստեղ էլ աշխատում են ներկայումս Վեոլիա Ջրի շրջիկ խմբերը:
Օրերս դրանցից մեկը 2 ապօրինի միացում հայտնաբերեց Աբովյանին հարակից Մայակովսկի գյուղի այգիներում: Առաջինի հասցեն էր՝ 12 փողոց, 8-րդ հողամաս: Ավելի ճիշտ՝ հսկա մի այգի ամուր ու բարձր պարսպի հետեւում, ուր խմելու ջուրն ուղղվում էր 80մմ տրամագծով խողովակով՝ «Կաթնաղբյուր- Երեւան 4» մայրուղային ջրատարից:
Իսկ պատկանում է սույն գեղեցիկ այգին Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանին: Անշուշտ, միանգամայն պատահականորեն /մի՞թե համայնքի ղեկավարն իրեն նման արարք կարող է թույլ տալ/: Կամ էլ թյուրիմացաբար: Չգիտենք, դա արդեն ողջ համայնքին շենք ու շնորհք սովորեցնող ու օրինակ ծառայող ղեկավարը միայն կարող է բացատրել: Սակայն ասենք, որ այդ թյուրիմացության համար նրան Վեոլիա ջուրը վճարման է ներկայացրել 3 մլն 178 հազար դրամի հաշիվ: Լո՞ւրջ գումար է: Նայած թե ում եւ ինչի համար: Հարեւան օրինապաշտ գյուղացու համար այն առավել քան լուրջ է, սակայն Վեոլիա ջուրը, ցավոք, օրենքով միայն 30 օրվա համար կարող է վերահաշվարկ կատարել: Իսկ թե քանի 30 օր է Վահագն Բարսեղյանը ապօրինի ջուր օգտագործել, գիտեն միայն ինքն ու Աստված: Այս շոգերին չստացած 19533 խոր. մետր Կաթնաղբյուրի քաղցրահամ ջրի արժեքն էլ /եւ ոչ թե սակագինը/ ամենից լավ Ավանի ու Նոր Նորքի բնակիչները կիմանան:
Նրա տիկինը՝ Գոհար Միսակյանն այս առումով ավելի համեստ է գտնվել /«ընդամենը» 50 մմ տրամագծով ներանցման խողովակ «Կաթնաղբյուր-Երեւան 2» մայրուղային ջրատարից, վերցված 7630 խոր. մետր ջրի դիմաց էլ ենթակա է գանձման 1,24 մլն դրամ/, բայց ջրվող այգին … Այն անվերջ է, կանաչ ու փարթամ: Ուղղակի աչք է հիացնում: Պարզ է, որ այստեղ էլ ջուր չեն խնայել՝ Քանաքեռ-Զեյթունի սպառողների հաշվին:
Վեոլիա Ջրի աշխատակիցներն այսօր լրագրողների ներկայությամբ դրանք ապամոնտաժում էին: Կաթնաղբյուրի թավշյա սառնորակ ջուրն արդեն երեկոյան կհոսի իր ճամփով:
«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայություն