ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ չի հստակեցնում՝ «Երկրապահ կամավորականների միությանը» հատկացումների քանակը կվերանայվի՞, թե ոչ: Նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «ԵԿՄ-ն իրականացնում է բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործողություններ եւ մեծ չափաբաժին է ունեցել հատկացումների գործում»:
Նախարարի խոսքով. «Եթե կարողանան վերափոխվեն եւ ավելի մասնագիտացված աջակցեն ՊՆ-ին եւ նախազորակոչային պատրաստության գործին, մենք կաջակցենք օրենքի սահմաններում»:
Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի պահեստներում հայտնաբերվել էին «զինվորի բաժին» գրությամբ սնունդ եւ պարագաներ: Պաշտպանության նախարարը համոզված է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտին պատկերն ավելի հստակ կլինի, որը թույլ կտա որոշումներ կայացնել՝ ԵԿՄ-ին հատկացումներ անելու գործում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ