«Անհանգստանալու խնդիր չկա, պիտի հավատանք մեր զինված ուժերին: Պետք է վստահ լինենք, որ բացի ամպագոռգոռ հայտարարություններից, ադրբեջանական կողմից լուրջ գործողություններ անհնար են»,- հայտարարեց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Իսագուլյանը վստահեցրեց՝ սահմանների առումով որևէ խնդիր չունենք, որ կարող է բավականին լուրջ կամ ընդհանրապես վտանգ ներկայացել ՀՀ-ի կամ Արցախի համար:
Ըստ պարոն Իսագուլյանի՝ այն, որ ադրբեջանական ուժերը դիրքային տեղաշարժեր են կատարել, չի փոխում հարաբերակցությունը. «Նույնիսկ այդ առումով որոշ դիրքային տեղաշարժ արել է նաև հայկական կողմը, դրանք չեն եղել որևէ մեկի տարածքի հաշվին: Չի կարելի ասել, որ ադրբեջանական դիրքերի փոփոխություն նշանակում է, որ անցել են հայկական տարածք և նոր դիրքեր են զբաղեցրել»:
Դառնալով Արենիի հետ կապված խնդրին՝ պարոն Իսագուլյանը հայտնեց. «Սիսիանից Գորիս մայրուղիով աջով եթե գնում ենք, ճանապարհ կա դեպի Խաչիկ գյուղ, եթե ուղիղ շարունակում ենք գյուղի միջով, այդտեղ կա Տանձիկ գյուղ. հիմա այդ տեղում կա բարձրադիր դիրք, որտեղ ժամանակին դիրքեր չեն եղել, հիմա ադրբեջանական ուժերի իրողությունն է, որոշակի վերահսկողություն է սահմանում հենց Տանձիկի ջրամբարի կամ լճակի վրա: Ճիշտ է՝ այդտեղից նաև մոտավորապես 3.8 կմ հեռավորության վրա երևում են Արենի գյուղի արևմտյան հատվածի տները, բայց հավատացեք, որ դա երբևէ վտանգ չի ներկայացրել Արենի գյուղի համար: Դեպի Խաչիկ տանող հատվածի վրա մերոնք ավելի բարձր դիրք ունեն և Աստված չանի, եթե Ադրբեջանի կողմից որոշակի գործողությունների գնան, մենք կարող ենք այդ դիրքերը լռեցնել»:
Պարոն Իսագուլյանը տեղեկացրեց՝ զանգել, ճշտել է Արենիում իրավիճակը. «Արենիի հատվածում տեղի են ունենում կրակոցներ, բայց դրանք ուղղված չեն լինում հայկական դիրքերի վրա: Ինչո՞ւ են այս օրերին ազերինը պրովոկացիաների գնում, դժվարանում եմ ասել: Դա կապված է ներքին իրավիճակի հետ: Ադրբեջանը, նկատի ունենալով, որ Արցախում ներքին կայունությունն այն մակարդակին չէ, ինչ թավշյա հեղափոխությունից առաջ, կարելի է որոշակի խնդիրներ հարուցել: Բայց որևէ անգամ ու ժամանակ իրավունք չունի Ադրբեջանը հույս տածել, որ ՀՀ ներքին իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ ՀՀ-ի և Արցախի միասնականության վրա: Ներսի տարաձայնություններն ի չիք են դառնում, եթե հարցը վերաբերում է ՀՀ սահմաններին և անվտանգությանը: Երբեք չպետք է ներկայիս ներքաղաքական վիճակն այժմ ավելի անկայուն համարել, քան մինչ հեղափոխություն, քանի որ հիմա հասարակությունը շատ ավելի կոնսոլիդացված է կոնկրետ ղեկավարության շուրջ»:
Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին պարոն Իսագուլյանն ասաց. «Որևէ ժամանակ Արցախը բանակցային սեղանից չի բացակայել: Ցանկացած խնդիր, որ լուծվել է, համանախագահներն այցելել են Երևան, Բաքու, Ստեփանակերտ: Ստեփանակերտի տեսակետը միշտ եղել է լսելի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ