Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզպետարանի կողմից «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ֆինանսական ստուգումների արդյունքներն ուղարկել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։
Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով։
«Ինչպես նշել էինք, մարզպետարանից ստացել էինք «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲԸ-ում իրականցված ստուգումների արդյունքները։ Նյութերի նախապատրաստման ընթացքում կոնկրետ փաստական տվյալներ են ձեռք բերվել նշված ՓԲԸ ընկերության տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունների չարաշահման վերաբերյալ, որով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին և օրինական շահերին։
Մասնավորապես, նշված ընկերության տնօրենը 2016 թվականի հունվարի 8-ին լրացուցիչ համաձայնագրեր է կնքել հիշյալ առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցների հետ՝ աշխատանքի վարձատրության որոշակի չափի վերաբերյալ։ Սակայն նշված անձը շահադիտական նկատառումներից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ հիշյալ անձանց աշխատավարձերը չի վճարել կնքված պայմանագրով նախատեսված կարգով, այլ ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերը վճարել է՝ ըստ տվյալ ամսում ծնունդների քանակի։ Այսինքն՝ պայմանագրով նախատեսված գումարը չի վճարել։ Բացի այդ, նույն տնօրենը իրեն հիվանդանոցում ձևակերպել է որպես սթափության աստիճանի գնահատման մասնագետ և 2016 թվականից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր 1 միլիոն 260 հազար ՀՀ դրամ գումար։
Մինչդեռ համաձայն ՀՀ կառավարության 07․ 07․ 2011 թվականի թիվ 992 N որոշման 4-րդ կետի 1 –ին ենթակետի և իր հետ կնքված աշխատանքային պայմանագրի ¾ կետի պահանջների, կազմակերպության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացառությամբ գիտական-մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի։
Նշվածի կապակցությամբ 06․07․2018 թվականին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածների առաջին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն», -ասաց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ