«Ես իմ որոշումը դեռ ուրբաթ օրն եմ կայացրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կապանի արդեն նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:
Հիշեցնենք, ուրբաթ օրն Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ավագանին ընդվզել էր, բոյկոտել էին նիստը եւ թույլ չէին տվել քաղաքապետին`լքել իր աշխատասենյակը: Հետո, ավագանիները հորդորել էին քաղաքապետին`սպասել մինչեւ երկուշաբթի:
Աշոտ Հայրապետյանն ասում է, որ հրաժարական դիմումը ետ վերցնելու որեւէ մտադրություն չունի: «Ուրբաթ օրը ժամանակ խնդրեցին, անակնկալի էի բերել իրենց, ընդառաջեցի, բայց իմ հրաժարականն ուժի մեջ է ամսի 6-ից»,- ասաց նա`հավելելով, որ այս մի քանի օրերի ընթացքում բոլորի հետ զրույցների մեջ է եղել. «Ես կարողացա մարդկանց հուզական որոշումներից եւ իմ որոշումը բոյկոտելու որոշումներից ետ պահել: Ամեն ինչ իր տրամաբանական ավարտն ունեցավ»:
Հիշեցնենք, ավագանիների մի մասը հայտարարել էր, որ քաղաքապետի հետ իրենք էլ են պատրաստվում լքել իշխանությունը:
Իր հրաժարականի իրական պատճառների մասին Աշոտ Հայրապետյանը չցանկացավ խոսել: Ինչո՞ւ հենց Նիկոլ Փաշինյանի Կապան կատարած այցից հետո հրաժարական տվեց Աշոտ Հայրապետյանը`Aravot.am-ի հարցը նույնպես անպատասխան մնաց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ