Այսօր տեսչական մարմինը, որը ստեղծվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսար այցելությունից հետո, կսկսի ստուգումները: Այսօր այս մասին հայտնեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները: Նրանք «Տեսակետ» ակումբում ներկայացրին բոլոր այն խնդիրները, որոնք արդեն իսկ առաջացել են Ամուլսարի հանքի շահագործումից:
Նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանն ասաց, որ հանքի փոշին տարածվում է Ջերմուկի եւ Գնդեւազի վրա, բնակիչները բողոքում են, որ այն կավի նստվածքով նստում է պատուհաններին, լցվում տները:
Aravot.am-ի հարցին, թե կա՞ փորձագիտական եզրակացություն, որ փոշու զանգվածը գերազանցում է եւ որտեղ երեւում է, որ հանքի նյութերն են առկա, Գեղամ Օհանյանն ասաց, որ նման եզրակացություն չկա, բայց Ջերմուկի, Գնդեւազի ու Կեչուտի բնակիչները պատմում են, որ կավահողով անձրեւ է գալիս ու իրենք պատուհանները փակում են, իրենց ավտոները ծածկվում են հողածածկույթով, սարի ստորոտով էլ անցնող խողովակները երեք անգամ պայթել են «Լիդիան Արմենիայի»՝ հանքում կատարած պայթեցումների հետեւանքով. «Դրանք ոչ թե սիրողական են, այլեւ փաստեր են»:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը հնարավոր է ընդդեմ կառավարության դիմի միջազգային դատարան՝ դժգոհելով, որ մեր երկրում ներդրումները պաշտպանված չեն, նախաձեռնող խմբի անդամ Մերի Սերոբյանը, որը իրավական մասով պարզաբանումներ ներկայացրեց, ասաց, դրսի ընկերություններն այստեղ ստանում են ազգային ռեժիմ, ինչը նշանակում է, նույն արտոնությունները ինչը որ տրված է հայկական ընկերություններին, նույնը տրվում է նաեւ նրանց, սակայն նրանք էլ, եթե խախտում են օրենքները, նրանց գործունեությունը նույնպես կասեցվելու է. «Միջազգային համաձայնագրերում նշված է, որ պետություններին համաձայնագիրը չի խոչընդոտում ձեռնարկել միջոցներ իրենց շրջակա միջավայրը անվտանգ պահելու, հարակից տարածքների բնակիչների առողջությունը պաշտպանելու համար»:
Թե բնապահպաններն ինչ են ակնկալում Նիկոլ Փաշինյանի այցից, նախաձեռնող խմբի անդամներն ասացին, որ դեպի հանք տանող ճանապարհը չեն բացելու այնքան ժամանակ՝ մինչեւ որ հանքի շահագործումը պաշտոնապես չդադարեցվի: Ըստ նրանց, հանքը չպետք է շահագործվի, այն ժամանակ, երբ տեսչական մարմինը ստուգումներ, ուսումնասիրություններ է իրականացնում: Վարչապետի հանդիպումն էլ երկու կողմի հետ արդյունավետ գնահատեցին, քանի որ թե բնապահպանները, թե բնակիչները եւ թե հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը հնարավորություն ունեցան իրենց տեսակետները հայտնելու: Չնայած որ, նախաձեռնության անդամ Սոնա Ռուշանյանի համոզմամբ, այդ հանդիպումից պարզ դարձավ, որ հանքարդյունաբերողը շահագրգռված չէ կոմպրոմիսային տարբերակով հարցը լուծելու: Սոնա Ռուշանյանն այս տպավորությունը ստացել էր այն բանից հետո, եբ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընկերության տնօրինությունը պատրաստակամություն չէր հայտնել մինչեւ ստուգումների ավարտը աշխատանքները դադարեցնել՝ պատճառաբանելով ամեն օրվա համար 500 հազար դոլար ֆինանսական կորուստները:
Մանրամասները՝ տեսանյութում
Գեղամ Օհանյանն էլ ասաց, որ, երբ «Լիդիան Արմենիան» պատրաստակամություն կհայտնի ստուգումների ընթացքում աշխատանքները դադարեցնել, դեպի հանք տանող ճանապարհները, որոնք արդեն քանի օր է փակված են, կբացվեն, սակայն, ընդհանուր տրամադրվածությունն այնպիսին է, որ թույլ չեն տալու հանքը շահագործվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Մենք պիտի խիստ հետևողական լինենք այս հարցում: Վախենում եմ մտածել, որ կարող է ստեղծվի մի իրավիճակ, որ ժամանակ ձգեն, ժողովրդի պայքարը թուլանա, ու մեկ էլ պարզենք, որ Ամուլսարը արդեն շահագործվումա: Պիտի զգոն լինենք ու պահանջենք մեր կողմից ընտրված իշխանություններից մեր շահերը պաշտպանել