Ինչպես տեղեկացրել ենք, օրերս ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել Շիրակի մարզի Շիրակավան համայնքի նախկին ղեկավար Մարատ Մկրտչյանի և նախկին հաշվապահ Սլավիկ Վարոսյանի (նա այս պահին համայնքի փաստացի ղեկավարն է) նկատմամբ։
Նրանք կասկածվում են սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև համայնքում անցկացվող միջոցառումների համար հատկացված գումարը (գումարի ընդհանուր չափը մոտ 2 միլիոն 500 հազար դրամ է) հափշտակելու մեջ։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ վերջիններս մասամբ վերականգել են պետությանը պատճառած նյութական վնասը՝ մոտ 1․789․500 դրամի չափով։
Հիշեցնենք, որ դատախազը շեշտել էր պետությանը պատճառած նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, պաշտոնյաներն էլ փաստորեն ականջալուր են եղել դատախազի ասածին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ