Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Հովհաննես Հովհաննիսյանին. Հանձնաժողովի մյուս անդամների կողմից այդպես էլ չի հիմնավորվել հարցազրույցի գնահատականների օբյեկտիվության փաստը

Հուլիս 09,2018 16:38

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար

պարոն Հովհաննես Հովհաննիսյանին

Հարգելի պարոն Հովհաննիսյան,

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար նշանակալի նվաճումներ ունեցող ուսանողների հարցազրույցի վերաբերյալ Aravot.am-ին 2018 թվականի հուլիսի 6-ին Ձեր կողմից տրված մեկնաբանությունը խոսում է մասնակիցներից յուրաքանչյուրի և հանրային կարծիքի վերաբերյալ Ձեր ուշադրության և քննարկումներին մասնակցելու Ձեր պատրաստակամության մասին, ինչը ողջունելի է։

Սույն գրությանը ծանոթանալու դեպքում, համոզված ենք նաև, որ արդյունքում կփոխվի Ձեր կարծիքը, այդ թվում՝ Ձեր՝ «Նույնիսկ աբսուրդի հասնող դեպքեր եղան, երբ բերել էին փաստաբանական արտոնագիրն ու ասում էին՝ սա գիտական արտոնագիր է, պետք է հաշվեք» արտահայտած դիրքորոշման կապակցությամբ, հետևյալ պարզ հիմնավորմամբ:

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարություն դիմում ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները գնահատվում են ըստ դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում գիտական հրապարակումների, ինչպես նաև հայոց լեզվից կամ հայ գրականությունից կամ հայ ժողովրդի պատմությունից մենագրությունների կամ ստացած արտոնագրերի կամ գրանցված հեղինակային իրավունքների։ Նշանակում է, որ նշանակալի նվաճումները, բացի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում գիտական հրապարակումներից, հայոց լեզվից կամ հայ գրականությունից կամ հայ ժողովրդի պատմությունից մենագրություններից, կամ գրանցված հեղինակային իրավունքներից, գնահատվում են նաև ըստ ստացած արտոնագրերի, որոնց նկատմամբ սահմանված չէ գիտական լինելու պահանջ։ Նշենք, որ մենք ոչ մի դեպքում չենք ներկայացրել փաստաբանական գործունեության արտոնագիրը որպես գիտական արտոնագիր։ Բողոքի քննության ժամանակ մենք միայն ցույց ենք տվել փաստաբանական գործունեության արտոնագրի՝ գիտության և իրավունքի զարգացմանը ծառայեցնելու նշանակությունը։ Ավելին, փաստաբանի արտոնագիրը լրացուցիչ փաստարկ է այն ստացած անձի՝ իրավագիտության բնագավառում, իրավունքի գերակայության ապահովման նպատակի իրականացմանը նպաստող, պրակտիկ և տեսական գիտելիքների համադրությամբ հետազոտություններ կատարելու և նոր նվաճումներ ունենալու կարողությունը և, ինչու չէ, արդեն իսկ ունեցած նվաճումները գնահատելու համար։

Ինչ վերաբերում է գնահատման չափանիշների օբյեկտիվությանը՝ բողոքարկման ժամանակ Ձեր և Հանձնաժողովի մյուս անդամների կողմից այդպես էլ չի հիմնավորվել հարցազրույցի գնահատականների օբյեկտիվության փաստը: Հանձնաժողովի անդամները հղում էին կատարում ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մայիսի 11-ի թիվ 464-Ա/2 հրամանով սահմանված հարցազրույցի արդյունքները գնահատման կարգին, որտեղ որևէ խոսք չկա դիմորդի վերլուծական հմտությունների և մոտիվացիայի գնահատման չափանիշների վերաբերյալ: Հանձնաժողովի որոշ անդամների կողմից անընդհատ նշվում էր, թե քանի որ բողոքարկող անձինք ստացել են միջինացված գնահատական, ապա դա օբյեկտիվ է: Առաջարկում ենք հստակ պատկերացնել օբյեկտիվ և սուբյեկտիվ կատեգորիաների տարբերությունը և վստահեցնում, որ «միջինացված գնահատականը» որևէ կերպ կապ չունի գնահատման օբյեկտիվ լինելու հետ: Գնահատումը օբյեկտիվ է եթե կան համապատասխան չափանիշներ, որոնք թույլ են տալիս գնահատել անձի վերլուծական հմտությունները և մոտիվացիան՝ բացառելով գնահատողի կողմից կամայականության դրսևորումները:

Ինչպես բողոքարկման ժամանակ, այնպես էլ Aravot.am-ին տված հարցազրույցում նշել եք, որ «միջին գնահատականը 7-10-ի սանդղակում է տատանվել, չի եղել դեպք, որ որևէ անդամ մեկերով գնահատած լինի»։ Սույն դեպքում, անհրաժեշտ է արձանագրել, որ նույնիսկ չափազանց ցածր կամ չափազանց բարձր միավորը դեռևս չի խոսում գնահատման օբյեկտիվ լինելու մասին։ Կարևոր է, որ նշված գնահատականը լինի պատճառաբանված և հիմնավորված։ Այսինքն՝ գնահատումը օբյեկտիվ է, եթե այն պատճառաբանված և հիմնավորված է:

Համոզված ենք, որ Ձեր և Հանձնաժողովի միայն պրոֆեսիոնալ ու անաչառ մոտեցումը կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության և հանրության մոտ վստահության և ապագայի նկատմամբ հավատի ամրապնդմանն ու բարձրացմանը։

Հարգանքով՝

Զոհրակ Ապրեսյան

Սպարտակ Գինոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031