Մշակութային էջ կոչվող ֆեյսբուքյան էջում նշված է, որ իբր Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասաններն ահազանգում են, թե Մշակույթի նախարարությունից պահանջել են դադարեցնել Նիկոլայ Գոգոլի «Քիթը» ստեղծագործության բեմականացումը, քանի որ ըստ գրառման. «Հիմնական հերոսին մարմնավորող տիկնիկը նմանեցված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Նախարարությունից անընդունելի են համարել այդ փաստը՝ պահանջելով խաղացանկից հանել ներկայացումը: Թեև նախարարությունից պաշտոնյայի անուն չեն հնչեցրել, սակայն թատրոնի աշխատակիցները պնդում են, որ խոսքը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մասին է»:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն անհեթեթություն համարեց այդ լուրը, ասաց, որ այն իրականությանը չի համապատասխանում: Ու «Քիթը» ներկայացումը չի հանվել խաղացանկից:
«Ասեմ ավելին, ներկայացումը Կրակովի փառատոնում արժանացել է առաջին մրցանակի, եւ եթե նույնիսկ նման է, դա միայն պատիվ է բերում փոխվարչապետին»,- ասաց պարոն Բաբայանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ