Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում կրկին հետաձգվեց 2015 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով նիստը: Այս գործով նիստն արդեն մի քանի անգամ է հետաձգվում: Պատճառն այն է, որ ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպանը հրաժարվել էր վերջինիս շահերը պաշտպանել: Ամբաստանյալի հարազատները հրաժարվել էին հանրային պաշտպանից, նրանք սեփական պաշտպանի փնտրտուքների մեջ են:
Ամբաստանյալ Մովսես Ազարյանն այսօր դատարանում ասաց, որ փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, նրան է փոխանցվել գործի նյութերը`ծանոթանալու համար: Նաեւ ամբաստանյալի հետ հանդիպումից հետո Գեորգի Մելիքյանը որոշում կկայացնի`ստանձնե՞լ Մովսես Ազարյանի պաշտպանությունը, թե`ոչ:
Դատավորն ասաց, որ դատարանը կաջակցի, որպեսզի Գեորգի Մելիքյանի եւ ամբաստանյալի հանդիպումը կայանա: Եթե մինչեւ հաջորդ երկուշաբթի օրը Մովսես Ազարյանը պաշտպան չունեցավ, դատարանը հանրային պաշտպան ներգրավելու որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Նրանք մեղադրվում են հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում Հայկազ Բարսեղյանին դաժանությամբ սպանելու ու հետքերը թաքցնելու նպատակով նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից կախելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ