Մեր մտահոգության և անհանգստության պատճառ է դարձել վերջին օրերին Սուրբ Էջմիածնում ծավալվող իրադարձությունները, որի ընթացքում «Նոր Հայաստան՝ Նոր կաթողիկոս» նախաձեռնությունը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը շահարկելով, դիմել են ծայրահեղ քայլի՝ բռնազավթելով Վեհարանը:
Ցանկացած խնդիր ունի լուծման իր բանաձևը: Անշուշտ, Սուրբ Էջմիածնում էլ կան խնդիրներ, դրանց առկայությունը որևիցե մեկը չի պատրաստվում հերքել և չի էլ կարող, սակայն դա թույլ չի տալիս որևիցե մեկին պարտադրել մի ամբողջ ազգային կառույցի եղած խնդիրներին լուծում տալ ըստ իր և գուցե իր տերերի ճաշակի, ախորժակի, վիճելի աշխարհընկալման և աշխարհայացքի:
Անընդունելի է անօրինական և ապօրինի ճանապարհով ու միջոցներով «պայքարել» ցանկացած ծավալի անօրինականության և ապօրինության դեմ, առավել ևս, որ հարվածն ավելի շատ հասնում է մեր հազարամյա ազգային եկեղեցուն, քան պայքարի թիրախ հռչակված անհատներին։ Գուցե շատերի մղումներն անկեղծ են, սակայն ընտրված ճանապարհը վտանգավոր է և անթույլատրելի, ընտրված ճանապարհը պառակտիչ է ու դատապարտելի մի տարածաշրջանում, որտեղ տարեց տարի կտրուկ նվազում է քրիստոնյաների քանակը և որակը, ինչ «վեհ նպատակների» համար էլ որ լինի այս աղմուկ-աղաղակը, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը: Խնդիրնե՞ր ունեք, խնդիրնե՞ր եք տեսնում, խնդրեմ՝ գտեք ճիշտ ճանապարհները և միջոցները և լուծեք դրանք, սակայն մեր սրբավայրերից ու եկեղեցուց հեռու պահեք ձեր ձեռքերը։
Անթույլատրելի և անդառնալի հետևանքներով հղի է նման ինքնիրավչությամբ խնդիրներ լուծելու գործելաոճը, որը կարող է նախադեպ դառնալ, ինչն անվերապահորեն իր բացասական հետևանքն է թողնելու ոչ միայն մեր ազգային եկեղեցու, այլև ՀՀ հետագա զարգացման վրա:
Առավել անթույլատրելի է պատկան մարմինների անգործունեությունը, ձեռքերը ծալած նստելու և իրադարձությունների ընթացքին չխառնվելու գործելաոճը: Ուստի, կոչ ենք անում նրանց անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի իրավիճակն էլ ավել չսրվի ու դուրս չգա վերահսկողությունից: Մենք կարող ենք նույն հաջողությամբ մեր սրբավայրերը դատարկել անկարգ և անսուրբ մարդկանցից, սակայն համոզված ենք, որ ՀՀ-ում կան օրինական մարմիններ, որոնց առաջին հոգսը պետք է լինի ազգային ավանդական արժեքների անվտանգությունը։ Հուսով ենք՝ անհապաղ կկատարվի ցանկալին, և իրավապահ մարմինները կվերականգնեն մեր սրբավայրերի անդորրը, և Սուրբ Էջմիածինը վերստին հնարավորություն կստանա շարունակել իր բնականոն աշխատանքը։
Վահագն Չախալյան
09.07.2018 թ.
Եկեղեցու պղծմանը դեմ եմ,Գարեգինին տուն ուղարկելու,անգամ՝ Ժողովրդի հանդեպ իր պարտականությունները չկատարաելու համար(ինչ է,ինքը չգիտե՞ր ինչ էր կատարվում երկրում՝ թե չգիտեր,էլ ինչ ՀՈՎԻՎ ,իսկ եթե գիտեր ու լռում էր՝ ավելի վատ իրեն համար)կարգալույծ անել եւ վտարել:
նախորդ մեկնաբանմանս մեջ մոռացա լրացնեմ տվյալներս…ներողություն(զայրացած էի)…