Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյանը սարկազմով առաջարկեց «փակել մանկավարժական համալսարանը», քանի որ դրա անհաջող գործունեությունն է ուսուցչի վարկանիշի անկման պատճառը

Հուլիս 09,2018 15:17

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հյուրասրահում հանդիպում-քննարկումն այս շաբաթ կրում էր «Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» խորագիրը: Նախաձեռնության անդամներից բացի հանդիպմանը մասնակցում էին կրթության կազմակերպիչներ, փորձագետներ, ուսուցիչներ, դասախոսներ և այս ոլորտի խնդիրներով շահագրգիռ այլ անձինք:

Կրթական համակարգի խնդիրների բարձրաձայնումը, անաչառ քննարկումն ու լուծումների առաջարկներ ներկայացնելն, ինչպես նշեցին փորձագետները, կարևոր նախաձեռնություն է, քանի որ դրա միջոցով է հանրությունն իր տեսակետները հայտնում: Հյուրերի դիտարկմամբ՝ այսօր նոր կառավարությունն ուշադիր է հանրային քննարկումներին, ինչը հուսադրում է, որ խնդիրներ ու դրանց լուծումներ մատնանշելը նպաստելու է համակարգի հիմնային բարեփոխմանը:

«Այն, ինչ որ այս տարիներին արել ենք, հաճախ նույնիսկ հակառակ էֆեկտ է տվել: Բարեփոխումներ ենք արել, փող ենք ծախսել, վարկ ենք վերցրել ու արդյունքում ծնել ենք այդ նույն բարեփոխումների հակառակորդ: Այսինքն, եթե ոչ մի բան չանեինք, կարող է ավելի լավ լիներ»,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ դա պայմանավորելով նախկին ԿԳ նախարարների՝ հանրային կարծիքի նկատմամբ բացարձակ անուշադրությամբ: Նրա խոսքով՝ բազմաթիվ լավ փաստաթղթեր մնացել են չիրականացված, բազմաթիվ լավ առաջարկներ լսելի չեն դարձել կառավարման համակարգի ինքնաբավության պատճառով: «Կրթության համակարգին վերջին տարիներին հասցված ամենամեծ վնասներից մեկը անգլերեն սըլյուշընիզմ (solution-որոշում) կոչված մոտեցումն է՝ «մենք գիտենք, թե ինչ պետք է անենք»-ը»:

Ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ խոսքի հնարավորություն չեն տվել օրենքները կիրառող մասնագետներին. «Տեսեք՝ նախագահը շախմատ էր սիրում, շախմատը դարձավ առարկա: Ընդ որում՝ չդրվեց քննարկման, թե ինչու այդպես, ինչու հատկապես 2-րդ դասարանից: Չեմ ասում՝ դա վատ էր: Պետք է դրվեր հանրային քննարկման. կարող է՝ լավ է, կարող է՝ վատ է, կարող է՝ անկապ է»:

Պետություն-հանրություն անջրպետն, ըստ «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանի, այնքան խորն է, որ կրթական գործունեություն ծավալող իրենց ընկերությունը գերադասում է որևէ հարաբերություն չունենալ պետության հետ՝ ամեն բան կազմակերպելով սեփական ջանքերով: «Այսօր մենք ունենք հայրենիք, բայց չունենք պետություն: Մեր կրթության բոլոր օղակները՝ մանկապարտեզից մինչև համալսարան, բարոյալքված են»,-  նշեց Վահագն Պողոսյանը: Մինչդեռ աշխարհն այսօր, ըստ  «Քայլ առ քայլ» միջազգային ընկերակցության խորհրդատու Ռուզաննա Ծառուկյանի, բարձր մարդկային որակներ է պահանջում. «Պիտի հաշվի առնենք, որ այսօրվա աշխարհին պետք են մարդիկ, որ ունեն ոչ միայն գիտելիք, այլև՝ բարձր բարոյականություն»: Նրա դիտարկմամբ, սակայն, դժվար է հասկանալ, թե կրթության կառավարիչներն արդյոք իրական բարոյական արժեքների կրող և սերմանող են. «Կան տնօրեններ, որ շատ գեղեցիկ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն երբ տեսնում ես, թե ինքն ինչպես է խոսում իր ուսուցչի հետ, հասկանում ես, որ այստեղ ժողովրդավարության հոտ անգամ չկա»:

«Անթույլատրելի է շարունակել այն, ինչ եղել է խորհրդային ժամանակներից սկսած. երբ սեպտեմբերի մեկն ուզում ես կիրակի ընկնի, ու տաս տարին հիշվում է՝ որպես մի մղձավանջ, որտեղ դու միշտ պիտի լինես այս դիրքում (ձեռքերը սեղանին՝ ձիգ նստած) ու պիտի ինչ-որ բան լսես-հիշես ու տանը կարդաս-հիշես»,- նշեց ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, կրթության փորձագետ Արա Աթայանը:

Բանախոսները ոչ միայն ընդգծեցին որոշ խնդիրներ, այլև՝ ներկայացրին դրանց լուծման իրենց տարբերակները: Ս.Մարտիրոսյանը սարկազմով առաջարկեց «փակել մանկավարժական համալսարանը», քանի որ դրա անհաջող գործունեությունն է ուսուցչի վարկանիշի անկման պատճառը: Ըստ նրա՝ նաև անհրաժեշտ է ավելացնել բյուջեով կրթությանը հատկացվող ծախսերը, քանի որ կրթությունը ևս, ինչպես ռազմական ոլորտը, մեր երկրի անվտանգության երաշխավորն է:  Ս.Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ոլորտը կառողջանա առավել արագ, եթե լինի իրական մրցակցություն: «Պետությունը պիտի սկսի ֆինանսավորել ոչ թե դպրոցին՝ ըստ երեխայի, այլ՝ երեխային: Եթե գումարը հատկացվի երեխային, ապա ո՞վ ասաց, թե մի մեռնող գյուղում չի կարող մասնավոր դպրոց լինել՝ հետ վերադարձնելով հեռացածներին»,- ասաց նա:

Սերոբ Խաչատրյանն ընդգծեց ծրագրեր կազմողների և դրանք իրականացնողների միջև հետադարձ կապի անհրաժեշտությունը՝ նշելով, որ ԿԳՆ-ն պետք է գնա դեպի կրթության ոլորտի համակարգողները՝ տնօրեններ, կառավարիչներ, ռեկտորներ, ընդ որում՝ ոչ թե որպես «ճշմարտության և իմաստության միակ աղբյուր», այլ իրապես կարծիքները լսելու և հաշվի առնելու պատրաստակամությամբ՝ վերջ տալով նախկին կեղծ մասնակցային պրոցեսների ավանդույթին:

«Պետք է հիմնել կրթության ազգային խորհուրդ, որի անդամները չեն լինի վճարվող, չեն ֆինանսավորվի որևէ մեկից, որոնց կարգելվի դրամաշնորհներ ստանալ: Եվ այս կառույցը պետք է համակարգը փոխի՝ սկսելով կրթական չափորոշչի վերանայումից»,- առաջարկեց Ա.Աթայանը:

Հանդիպման ավարտին բանախոսներն ու հյուրերը հույս հայտնեցին, որ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած այս և հաջորդ հանդիպում-քննարկումներին բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկված լուծումները հաշվի կառնվեն պետական մարմինների կողմից՝ արդյունավետորեն ուղղորդելով երկար սպասված առաջընթացը:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը մեր երկրի զարգացմանն ուղղված գաղափարներ և դրանց կենսագործման ուղիներ որոնող կառույց է: Նախաձեռնության նպատակն է ակտիվ քաղաքացիների և տարբեր ոլորտների մասնագետների երկխոսությունների, հանդիպումների, քննարկումների արդյունքում ստանալ խնդիրների ձևակերպումներ և լուծումների առաջարկներ՝ նպաստելով տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացին:

 «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031