Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա չարախոսություն է, հերյուրանք. նրանք կուրացել են նախանձից». Տեր Ասողիկ

Հուլիս 09,2018 14:52

«Այդ ամենը չարախոսություն է,  բամբասանք: Հերյուրանքները  տարիներ շարունակ շրջանառվում են այն մարդկանց կողմից, որոնք դեմ են Վեհափառ հայրապետին, որոնք արդեն նախանձից ու ատելությունից կուրացել են եւ անձնական շահից բացի, այլ բան չեն կարողանում տեսնել»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների մեղադրանքներին, թե Վեհափառ հայրապետը Մայր Աթոռի գանձարանից հափշտակություններ է կատարել, թե խախտել է կուսակրոնության  ուխտը, թե  ընտրվել է կաշառքով, ասաց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե Մայր աթոռում պահվող սուրբ Գեղարդը բնօրինակը չէ, որ այն վաճառվել է (ինչն արդեն իսկ հերքվել է), Տեր Ասողիկը նկատեց. «Մասունքների հանդեպ նման կասկածամտությունը սրբապղծություն է՝ մանավանդ այն անձերի կողմից, որոնք սուրբ Գեղարդին չեն առնչվել, չեն տեսել, համեմատականներ չեն արել, տեղյակ չեն Գեղարդին առնչվող պատմական փաստաթղթերից: Ահա նման անձեր վեր են կենում եւ շահադիտական նպատակներով հայտարարություններ անում: Սուտը մոլորության մեջ է գցում մեր հավատացյալներին»:

Ըստ Տեր Ասողիկի. «Նախաձեռնության անդամները մտածեցին, որ եթե նման կասկածներ սերմանեն, իրենց անհիմն պահանջը կարդարանա: Բայց նման կասկածներ սերմանողները անտեղյակ են պատմական հիմքերից: Ինչպե՞ս կարող է եկեղեցին օտարել կամ ոչնչացնել համաքրիստոնեական սրբությունը: Ի տարբերություն քրիստոնեական այլ եկեղեցիների, հայ եկեղեցին սուտ եւ կեղծ մասունքներով երբեք չի սնել իր հավատացյալներին եւ  հավատքը մասունքի վաճառքի առարկա չի դարձրել»:

Տեր Ասողիկը հիշեցրեց, որ մասունքից մի կտոր նվիրաբերելը  սրբապղծություն չէ, եկեղեցու կարգն է այդպիսին. «Նույն սկզբունքով Քրիստոսի խաչափայտն  է մասնատվել եւ սփռվել քրիստոնեական աշխարհում»: Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ աստվածամուխ սուրբ Գեղարդից մի փոքրիկ բեկոր 2004թ. նվիրաբերվել է ռուսաց եկեղեցուն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031