«Որեւէ մեկը չի հրաժարվում այն մտքից, որ Հայ առաքելական եկեղեցու բարեփոխման հիմքերը պետք է դրվեն, բայց ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջը չպետք է վերածվի համաշխարհային հնչեղության խայտառակության, չպետք է շարունակվի ֆիզիկական ճնշումներով: Եկեղեցուն քաղաքական ռիթմի տակ դնելը բացասական ձգտում է»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության վերջին օրերի բողոքի գործողություններին, ասաց կրոնագետ Վարդան Խաչատրյանը:
Նա համաձայն չէ Գարեգին երկրորդի հրաժարականը պահանջողների պնդման հետ, թե վեհափառ հայրապետը կաշառքով է ընտրվել. «Եթե այդպես է, հարցադրում անեմ՝ ուրեմն նախո՞րդն էլ է կաշառքով ընտրվել…»: Ինչ վերաբերում է ցուցարարների, մասնավորապես ՝ տեր Կորյուն աբեղա Առաքելյանի պնդմանը, թե ամենայն հայոց կաթողիկոսը կուսակրոնության ուխտ է խախտել, ասել է թե՝ զավակ ունի, Վարդան Խաչատրյանը նկատեց. «Եկեք հասկանանք, որ մարդու անձնական կյանքի իրավունքի հարց է դրվում, որը օրենքով է ամրագրված, ու ստացվում է, որ անձնական կյանքի հանդեպ ներխուժում է կատարվում: Սա սահմանադրության խախտում է: Ասում են՝ «աղջկան ասենք ԴՆԹ անալիզ տա, գումարը կտանք» այլն… հիմա ի՞նչ՝ պետք է ստիպես անալիզ տա՞լ»:
Կրոնագետն անդրադարձավ ցուցարարների պահանջին, թե ամենայն հայոց հայրապետը պետք է հրաժարական տա, որովհետեւ մինչ օրս կարգալույծ չի արել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ տեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: «Աթեշյանի դեմ գործողությունները կարող են հանգեցնել եկեղեցու պառակտմանը: Նա միայնակ չէ, նրա թիկունքում թուրքական իշխանություններն են, հասկանո՞ւմ եք: Նրանք գերագույն հաճույք կստանան, եթե հայոց եկեղեցին պառակտվի»,-ընդգծեց Վարդան Խաչատրյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2069742463044258/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Երբ կաթողիկոսին դատի ես տալիս, ապա ասում են, թե չի կարելի՝ «Հայ առաքելական եկեղեցու մասին» օրենք, եկեղեցին անջատ է պետությունից և այլն: Սակայն, երբ ասում ես, որ նա կուսակրոնության ուխտ է խախտել, միանգամից հիշում են, որ կա պետություն, սահմանադրություն, մարդու իրավունք: Կողմնորոշվեք պարոնայք, կողմնորոշվեք: