Այս օրերին Ռուսաստանից ցամաքային ճանապարհով` Լարսով Հայաստան եկող մեր հայրենակիցները ստիպված են լինում Լարսի անցակետում ժամեր սպասել: Անցակետն աշխատում է խիստ ծանրաբեռնված: Անցակետի մոտ ավտոմեքենաների հերթը կիլոմետրերի է հասնում: Ինչպես վկայում են այդ ճանապարհով Հայաստան եկող մեր հայրենակիցները, երեկ կեսօրին հերթը մոտ հինգ կիլոմետրի է հասել: Այս մասին հաստատում են նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հերթի վերջում գտնվող քաղաքացին մոտ հինգ ժամ պետք է սպասի՝ մինչեւ հասնի անցակետ: Ըստ նրա՝ վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը՝ մոտ 1.5 ժամ. «Հերթը պայմանավորված է տուրիստական սեզոնով, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում են Բաթում՝ հանգստանալու: Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունում գործում է թեժ գիծ՝ (010) 59-01-04 , եթե կան խնդիրներ, ապա զանգահարեք, եւ մենք սիրով կտեղեկացնենք մանրամասներ»:
Ըստ տեղեկությունների՝ խնդիրը կապված է նաեւ վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է հերթի ամրագրում:
Լարսի անցակետում հայկական բեռնատարներ էլ են կուտակված:
«Առավոտ» օրաթերթ
07.07.2018