Հուլիսի 9-ին ՀԲԸՄ գրասենյակում ճանաչված մշակութաբան, կինոգետ Կիրիլ Ռազլոգովը ներկայացրեց իր գիրքը` «Հարություն Խաչատրյանի անվերջ վերադարձը» խորագրով, որը հրատարակվել է Մոսկվայում: Հեղինակը «կերտել» է «Ոսկե ծիրանի» հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի կերպարը, որի հետ ծանոթացել է իր խոսքերով ԽՍՀՄ-ի մայրամուտին`երիտասարդ կինեմատոգրաֆիստների հետ հանդիպման ժամանակ, այդտեղ էլ դիտել է նրա «Կոնդը»: Գիրքը բաղկացած է երեք բաժնից, որոնք հետեւյալ խորագրերն ունեն` «Խորհրդային Միություն», «Հայաստանը Արեւմուտքի եւ Արեւելքի մեջտեղում», « Հրաշալի երկրների եւ մայրցամաքների հայերը»:
Կիրիլ Ռազլոգովն ասաց, որ գիրք գրելու գաղափարը մի քանի տարի առաջ է ծագել, իր ձեւակերպմամբ, այն կիսահուշագրային ձեւաչափով է:
Հարություն Խաչատրյանը կատակեց, որ Կիրիլ Ռազլոգովը միշտ իր հետ հարցազրույցներ է անում, հետո գրում է այն, ինչ ուզում է, քանի որ ինքը վատ է խոսում:
Գիրքը Ռազլոգովն ու Խաչատրյանը երկուսով միասին մակագրեցին:
Հարություն Խաչատրյանն էլ, դիմելով ներկաներին, որոնց թվում գերակշռում էին օտարազգիները, ԱՊՀ երկրների ներկայացուցիչները, ասաց. «Կարծում եմ, որ ձեզ դուր կգա մեր փառատոնը, եւ դուք կշարունակեք հաջորդ տարիներին էլ գալ: Մենք սիրում ենք մեր հյուրերին, կինո եւ կինոգործիչներին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ