Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ամեն ինչ պետք է անի Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության հարցը Թուրքիայի հետ հարաբերություններում առուծախի թեմա դարձնելու դեմն առնելու համար։ Ըստ նրա` վերջին տարիներին Իսրայելի համար մոդայիկ երևույթ է դարձել Թուրքիային շանտաժելու համար խորհրդարանում՝ Կնեսետում, բարձրացնել Հայոց Ցեղասպանության հարցը, սակայն իր խնդիրները պաշտոնական Անկարայի հետ կարգավորելուց հետո այն կրկին անգամ գցել արխիվ։
«Ես, իհարկե, որպես պատմաբան, շատ լավ հասկանում եմ, որ Հայոց Ցեղասպանությունը ընդունած երկրների մեծ մասն առաջին հերթին այն ընդունել են` իրենց ազգային շահերից ելնելով։ Իհարկե, կան երկրներ, որոնք, իրոք, մարդասիրական դրդապատճառներով են ընդունել, բայց կան նաև երկրներ, որոնք առաջինը մտածում են իրենց ազգային և պետական շահերի մասին։ Սակայն այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայոց Ցեղասպանության շուրջ Իսրայելում, դա ուղղակի էժանագին առուծախի առարկա է դարձել երկու երկրների՝ Իսրայելի և Թուրքիայի միջև, և ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական մակարդակով արձագանքի այն ամենին, ինչ-որ տեղի է ունենում Իսրայելում Հայոց Ցեղասպանության շուրջ։
Իհարկե, ես նաև հասկանում եմ, որ մենք շատ լավ բարեկամներ ունենք Իսրայելում, հրեա ժողովրդի մեջ, որոնք, իրոք, ի սրտե ցանկանում են, որ Հայոց Ցեղասպանությունն ընդունվի պետական մակարդակով հրեական պետության կողմից, մի պետության, որը ձևավորվել է հրեա ժողովրդի Ցեղասպանության պատճառով։ Մենք, իհարկե, շատ ուրախ կլինենք, բայց Իսրայելում Հայոց Ցեղասպանության շուրջ ծավալվող գործընթացներն արդեն ցույց են տալիս՝ գործը հասել է նրան, որ հրեական պետությունում ուղղակիորեն արհամարհական վերաբերմունք ունեն Հայոց Ցեղասպանության շուրջ։ Դա արդեն շատ վիրավորական է։
Վերջին դեպքը կապված էր հունիսի 5-ին իսրայելական Կնեսետում տեղի ունեցած քննարկումների հետ, երբ «Մերեց» կուսակցության նախագահ Զեհովա Գալոնը հարց բարձրացրեց, որ ժամանակն է Իսրայելական պետությունը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը։ Եվ Իսրայելի կառավարությունը՝ Բենիամին Նաթանյահունի գլխավորությամբ ամեն ինչ արեց, որ կրկին այդ հարցը չքննարկվի իսրայելական Կնեսետում։ Իսկ մինչ այդ Թուրքիայի և Իսրայելի միջև տեղի ունեցան գաղտնի բանակցություններ, և երկու երկրները քիչ, թե շատ կարգավորել էին իրենց հարաբերությունները։ Այսինքն՝ Իսրայել պետությունը կոնկրետ հիշում է Հայոց Ցեղասպանության մասին այն ժամանակ, երբ նրա հարաբերությունները Թուրքիայի հետ կտրուկ վատթարանում են, և Հայոց Ցեղասպանությունը դարձրել է մահակի նման մի բան, որը պաշտոնական Թել Ավիվը օգտագործում է Անկարայի հետ հարաբերություններում՝ տարրական շանտաժի ենթարկելով թուրքերին։
Կարդացեք նաև
Իհարկե, Իսրայելական ղեկավարության մեջ էլ կան պաշտոնյաներ, որոնք բացահայտ նշում են Իսրայել պետության կողմից Հայոց Ցեղասպանության բարձրաձայնման և այն կրկին արխիվ գցելու անբարոյական կողմը։ Օրինակ՝ զբոսաշրջության ներկայիս նախարար Յարի Լեվինը հայտարարել է, որ չի կարծում սա ճիշտ ճանապարհ է։ «Եթե մենք ուզում ենք նման որոշում կայացնենք, պետք է բուն հարցը քննարկենք, ոչ թե գնանք դրան Թուրքիային պատժելու համար։ Դա հարգալից վերաբերունք չէ այս հարցի հանդեպ», -ասել է նա։ Նույնիսկ Իսրայելի կառավարության անդամներն են գտնում, որ սա հարգալից վերաբերմունք չէ, անբարոյականություն է բառի բուն իմաստով։
Պետք է նշեմ, որ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը միշտ կողմ է արտահայտվել Հայոց Ցեղասպանության ընդունմանը, սակայն ներկայիս կառավարությունը՝ Բենիամին Նաթանյահունի գլխավորությամբ և կառավարության անդամները, օրինակ ՝ Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը բացահայտ հակահայ քաղաքականություն է վարում։
Հիմա ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ կոչով հանդես գա, շնորհակալություն հայտնի իսրայելցի այն քաղաքական գործչներին, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը ընդունվի որպես իրողություն, ինչպես 29 պետության կողմից է դա եղել։ Միևնույն ժամանակ պետք է դատապարտի այն քաղաքական գործիչներին և Իսրայելի ներկայիս վարչակարգին, որոնք ուղղակի առուծախի առարկա են դարձրել Թուրքիայի հետ հարաբերություններում», -ասում է քաղաքագետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ