Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե քո տալը զզվացնի՝ գող կբերենք, այդ գումարը հեչ կանենք»

Հուլիս 09,2018 14:30

Վաշխառության հինգհատորանոց գործը փլվեց դատարանում. Աննան անմեղ է ճանաչվել

Մեղադրող Հ. Նիկողոսյանը պահանջում է ամբողջությամբ բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի` Աննա Մանասերյանի վերաբերյալ կայացված արդարացման դատավճիռը, եւ արդարացված կնոջը մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ վաշխառության հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ այդ հոդվածի սանկցիայով նշանակել պատիժ տուգանքի ձևով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Մեղադրական դատավճիռը, ըստ մարզի ընդհանուր իրավասության դատարանի գնահատականի, չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հաստատված համարի ապացույցները:

Ամեն ինչ սկսվել է այն օրվանից, երբ Փառանձեմ Թովմասյանը ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Աննա Մանասերյանն Այնթապ գյուղի 4-րդ փողոցում իրեն է տվել 8000 ԱՄՆ դոլար գումար` ամսական 10 տոկոս հավելավճարով, որը պահանջել և ստացել է նշված հասցեում: Այդ հաղորդումը տիկինը տվել է այն ժամանակ, երբ իմացել է, որ Աննան գումարի պահանջի բռնագանձման համար դիմել է դատարան:

Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, Աննայի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Ըստ մեղադրական եզրակացության, Աննան «տուժողին» Այնթապ գյուղում ամսական 10 տոկոս հավելավճարով մաս-մաս տրամադրել է ընդհանուր 8000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց մինչև 2014 թ. ապրիլը նրանից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2013-2014 թթ. համար սահմանված բանկային 12 տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով 5600 ԱՄՆ դոլարին համարժեք 2.290 050 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության մարմինը նրան մեղադրել է, որ նա որպես արհեստ 2008 թվականից մինչև 2014 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն:
Մեկ այլ դրվագով էլ Աննա Մանասերյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 10 տոկոսով, 2011 թվականի հոկտեմբերին Այնթապ գյուղի հորական տանը տուժող Անահիտ Մամյանին է տրամադրել 2.257.980 ՀՀ դրամին համարժեք 6.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որի դիմաց 10-15 օր անց նրանից որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 225.798 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար:

Բացի դրանից, Գ.Նժդեհի հրապարակում Աննան Անահիտ Մամյանին է տրամադրել 2.025.250 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որի դիմաց 10 օր անց նրանից որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 202.252 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար:

Աննան իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ գործի նյութերի, նա փնտրել է բնակարան, սակայն չի գտել իր ուզածը: Այդ ժամանակ մայրը ծանր հիվանդ է եղել և նրան խնամելու նպատակով դուստրը հաճախ է գտնվել հայրական տանը: 2014 թվականի դեկտեմբերին, երբ հայրական տանն էր, այնտեղ են եկել հարսի ծնողները` Փառանձեմ և Անդրանիկ Թովմասյանները՝ իր մորը տեսակցելու նպատակով: Փառանձեմը տեղեկանալով, որ ինքը բնակարան գնելու համար 19 000 ԱՄՆ դոլար գումար ունի հավաքած` իրենից կարճ ժամանակով, սակայն առանց ժամկետը նշելու, խնդրել է այդ գումարը, ասելով, որ դրանով կփակի բանկերում ունեցած վարկը, նոր վարկ կվերցնի, որով հետ կվերադարձնի իր պարտքը, իսկ մնացած մասով կվերանորոգի ջերմոցը: Աննայի հայրը կողմ էր խնամուն պարտք տալուն, իսկ մայրը դեմ է եղել, որպեսզի Փառանձեմին գումար տրվի: Այդ ժամանակ էլ հարսիկը՝ Եվգինեն վստահեցրել է, որ իր ծնողները չեն խաբի և գումարը հետ կտան: Աննան 19 000 ԱՄՆ դոլար գումարը բերել է Այնթապ գյուղ և ծրարի մեջ դրված այդ գումարը տվել է Փառանձեմին ու Անդրանիկին: Հարսը` Եվգինեն, սուրճ է բերել և նա նույնպես տեսել է, որ Աննան ծրարը տվել է Փառանձեմին: Վերջինս տեղում հաշվել է գումարը, բարձրաձայն ասել է, որ 19 000 ԱՄՆ դոլար է, դրել է պայուսակը, շնորհակալություն հայտնել, գնացել են: Հետագայում պարզվել է, որ Փառանձեմը վարկ չի վերցրել, իսկ այդ գումարներով նրանք փակել են իրենց պարտքերը, իսկ երբ հարսը Աննայի համար պահանջել է գումարը, պատասխանել են. «ասեցինք չունենք, կունենաք, կտանք, թող սպասի … եթե քո տալը զզվացնի՝ գող կբերենք, այդ գումարը հեչ կանենք, կգնա: Կարո՞ղ եք ապացուցել, որ մեզ գումար եք տվել»: Մեծ դժվարությամբ խնամիներին կանչել են Աննայենց հորական տուն, այդ ժամանակ դարձյալ ասել են, թե այդ գումարը չեն կարող տալ. «համը հանեն` գող կբերենք»: Հարսը սեղանի վրայից թուղթ ու գրիչ է վերցրել և մոր ներկայությամբ երկտող գրել. «Եթե այդ գումարը չտաք, ես իմ կյանքին վերջ կտամ, որի մեջ մեղավոր են ծնողներս, մանավանդ՝ մայրս»: Այդ գրությամբ, Աննայի հարսիկը մորն էր սթափեցնելու:

Աննան հետագայում գնացել է Շենգավիթի տարածքի նոտարական գրասենյակ, որտեղ պայմանավորվածության համաձայն եկել են նաև Փառանձեմ և Անդրանիկ Թովմասյանները, որոնց հետ փոխառության պայմանագիր է կնքել և Աննայի կողմից առանց տոկոսի նրանց տված և 19 000 ԱՄՆ դոլարը դրամի վերածած 8.550000 ՀՀ դրամի վերադարձման վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2015 թվականի հունիսի 16-ը: Նոտարը խնամիներին հարցրել է, թե նրանք ամբողջությամբ ստացե՞լ են, արդյոք, պայմանագրում նշված գումարը, նրանք դրական պատասխան են տվել և ստորագրել են պայմանագիրը: Պայմանագիրը կնքելուց հետո Անդրանիկն իր որդիների հետ գնացել են Ռուսաստան` արտագնա աշխատանքի և դրանից հետո Ռուսաստանից ոչ մի գումար չեն ուղարկել Աննային և Փառանձեմն էլ նույնպես ոչ մի գումար չի վերադարձրել:

Աննան դիմել է Կոտայքի մարզի դատարան` գումարը բռնագանձելու պահանջով: Մինչև նիստը կայանալը Աննային հրավիրել են ոստիկանության Մասիսի բաժին ու տեղեկացրել, որ Փառանձեմն իր դեմ հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ իրենից նա տոկոսով է գումարներ վերցրել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 

Հ.Գ. Պաշտպան Ռոբերտ Բեջանյանի միջնորդությամբ դատարան հրավիրված վկա Մ. Հ.-ն դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ նախաքննության ընթացքում հրաժարվել էր մոր դեմ ցուցմունք տալ. «Սակայն մի քանի օր անց իրեն կանչել են առերեսման՝ պատճառաբանելով, որ ցուցմունքի տակ գրվել է. «ցուցմունքը գրված է իմ ձեռքով, որի համար ստորագրում եմ», ուստի պետք է առերեսում կատարվի: Այդ ժամանակ Մ.Հ.-ն եղել է անչափահաս, առանց մոր ներկայության քննիչը նրան առերես հարցաքննել է ոմն Հուսիկի հետ, որին առաջին անգամ տեսել է քննիչի մոտ: Հուսիկն ասել է, թե Մ.Հ.-ին տեսել է տատիկի տանը ու բացի այդ, գումար է տվել իրեն Երևանում: Երեխան առերես պնդել է, որ առերեսվողին չի ճանաչում, նա իրեն երբեք գումար չի տվել:

«Առավոտ» օրաթերթ

07.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031