Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դանիել Երաժիշտի հետ

Հուլիս 09,2018 13:00

«Երաժշտությունն Աստծո հետ խոսելու լեզու է, ապրելակերպ…»

«Նարեկացի» արվեստի միությունում ուշագրավ հանդիպում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժշտի հետ: Հանդիպման սկզբում նայելով սեղանին դրված վարդերի փնջին՝ վարպետն իրեն բնորոշ մեղմ հումորով ասաց. «Ես, սովորաբար, երբ կնոջ ձեռքին ծաղկեփունջ եմ տեսնում, ասում եմ մի փոքր հեռացրու քեզանից, որ քո գեղեցկությունից վարդերը չթառամեն»: Իսկ ես ակամայից հիշեցի վարդերգության մի յուրօրինակ երեկո, երբ նշվում էր Գյոթեի «Վայրի վարդը» բանաստեղծության թումանյանական թարգմանության 100-ամյակը Դանիել Երաժշտի ղեկավարած «Շարական» անսամբլի մասնակցությամբ: Վարպետը, խոսելով Գյոթեի «Վայրի վարդը» բանաստեղծության հիման վրա գրված ստեղծագործությունների, այդ թվում՝ Ռոմանոս Մելիքյանի երաժշտությամբ «Վարդը» ռոմանսի մասին, ասաց. «Ընդհանրապես վարդը՝ իբրեւ խորհրդանիշ, լայն շառավիղ ունի Մարիամ Աստվածածնից մինչեւ սիրո, գեղեցկության խորհրդանիշ: Մինչդեռ մեր օրերում, ցավոք, Երկիր մոլորակից ավելի շատ վառոդի հոտ է գալիս, քան վարդի բույր: Համոզված եմ, որ աշխարհին վարդի բույր է անհրաժեշտ…»:

Հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ Գրիգոր Դանիելյանը ծնվել է 1946թ. հունվարի 18-ին Երևանում: Ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երաժշտագիտական եւ օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինները, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ խորհրդային նշանավոր դիրիժոր, պրոֆեսոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ: Հիմնադրել և ղեկավարել է «Շարական», «Տաղարան» և «Գանձեր» հնագույն երաժշտության համույթները, մասնակցել հոգեւոր երաժշտությանը նվիրված միջազգային փառատոներին, Բախի եւ Հենդելի 300-ամյակներին նվիրված հանդիսություններին:

Թե ինչպես ընտրվեց երաժշտի բեմական անունը, պատմեց հայր Աթանաս վարդապետը «Նարեկացի» արվեստի միության սրահում Դանիել Երաժշտի բրոնզաձույլ կիսանդրու բացման հանդիսությանը, որ դեռ 1990-ին Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում ինքը վավերացրել է «Դանիել Երաժիշտ» պատվանունը, որը մաեստրոն՝ Գրիգոր Դանիելյանը վերցրել է որպես իր բեմական անուն՝ ի պատիվ 11-րդ դարի մեծ երգիչ, շարականագիր Դանիել Երաժշտի։

Դանիել Երաժիշտը կատարել է հայկական և արևմտաեվրոպական երաժշտության նմուշների մշակումներ անսամբլի, ձայնի և երգեհոնի համար, որոնք ձայնագրվել են ռադիոյի ֆոնդի համար, ինչպես նաև թողարկվել սկավառակներով: Նրա մշակումները կատարել և կատարում են աշխարհահռչակ երգչուհիներ եւ դաշնակահարներ:

Արդի հայ դասական երաժշտության նշանավոր վարպետն իր հավատարիմ հանդիսատեսին խոստովանեց, որ առանց երաժշտության իր կյանքը թերի կլիներ, և նրա դասախոսները սովորեցրել են դասական երաժշտությունը զգալ սրտով ու անմնացորդ տրվել իր ընտրած գործին: Նա կիսեց Ռախմանինովի կարծիքը, որ արվեստում կարևորն ու առաջնայինն անկեղծությունն է և հավելեց, որ ցանկացած արվեստագետ իր կենսակերպով է օրինակ ցույց տալիս, վարակում արվեստով և ինքն էլ հասնում հոգևոր ներդաշնակության:

Նրա նախաձեռնությամբ կազմակերպված «Արքայական համերգ» անզուգական նախագծում առաջին անգամ հնչեցին տարբեր երկրների թագավորների ստեղծագործությունները: Այս յուրօրինակ համերգային ծրագիրը հանդիսատեսի դատին ներկայացրեց Ֆրիդրիխ Մեծ, Տիբո 4-րդ Նավառացի, Հենրի 8-րդ, Կայսր Լեոպոլդ Առաջին թագավորների, Յոհան Սեբաստիան Բախի` Ֆրիդրիխ Մեծի թեմայով «Երաժշտական ընծա» շարքի ստեղծագործությունները, որոնց համադրումն իրականացրել էր համերգային երեկոյի բանախոսն ու դիրիժորը՝ Դանիել Երաժիշտը: Բախի ստեղծագործություններն «Արքայական համերգում» ներառելուն անդրադառնալով` մաեստրոն մեկնաբանեց. «Բախը երաժշտության «արքայության» թագավորն է»:

Դանիել Երաժիշտը հեղինակ է բազմաթիվ երաժշտագիտական հոդվածների և գրքերի՝ «Ամենեն մաքուր հայելին ցեղին…Ակնարկներ դասական երաժշտության մասին», այսպես է կոչվում հոդվածների և էսսեների ընտրանին, որը, ըստ հեղինակի, արգասիք է սիրո, սեր, որ բխում է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Կոմիտասի եւ այլ դասականների երաժշտության խորքերից, սեր, որը փոխանցում է իր ընթերցողներին: 2013 թվականին Դանիել Երաժիշտը լույս ընծայեց «Կոմիտասը և այլ մեծեր» հոդվածների ժողովածուն։ Ըստ նրա՝ մեր հասարակությունը կոմիտասագիտակից կդառնա, երբ ծնողն անհանգստանա, որ չորս տարեկան երեխան չի ճանաչում Կոմիտասին: 2005թ. Վահագն Ստամբոլցյանի հետ երաժշտագետը կազմել և հրատարակել է «Երգեհոնային գրքույկ» ժողովածուն, որը պարունակում է հայ կոմպոզիտորների հոգևոր երգերը։

Դանիել Երաժիշտն արդի հայ մամուլում ևս հանդես է գալիս երաժշտագիտական հոդվածներով ու էսսեներով, հայ մշակույթի անմխիթար ներկայի վերաբերյալ մտահոգություն արտահայտող հրապարակումներով. «Այժմ մշակույթի և մասնավորապես արվեստի մասին խորհելիս հաճախ տեսիլվում է բանաստեղծի պատկերած այն ծառը, որի սաղարթում հավքերը բույն են շինում ու երգում, մինչդեռ ծառը տակից սղոցում են…Մշակույթի կենաց ծառը փորձում են կտրել: Ովքե՞ր են այդ վնասատուները, զավթիչները, կեղեքիչները, բռնակալները…»: Ըստ երաժշտագետի՝ մշակույթը, հոգևորը անհատին և ժողովրդին վեհացնող ինքնությունն է, տարբերանշանը, դեպի երկինք տանող «հրթիռն» է, իսկ մշակույթի վերացումը հանգեցնում է այն կրողների անխուսափելի վախճանին:
72 -ամյա երաժիշտն այսօր էլ հարուստ գիտելիքներն ու կենսափորձը փոխանցում է իր սաներին՝ նրանց մեջ սերմանելով սերն առ դասական, հոգևոր երաժշտություն: Նա սպասված բանախոս է նաև «Նարեկացի» արվեստի միության բեմում. «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող ամենշաբաթյա շարքի օրակարգը երաժշտական արվեստն է՝ իր տարատեսակ դրսևորումներով:

Հանդիպումների ընթացքում վարպետն իր հավատարիմ հանդիսատեսին տեղեկատվություն է հաղորդում ներկայացվող ստեղծագործությունների, հեղինակների, տվյալ դարաշրջանի մասին, մեկնաբանում այլաբանությունը, խորհրդանիշները, ներկայացնում մարիամերգությունը (Ave Maria)՝ Մովսես Խորենացու «Ուրախացի՛ր, Սրբուհի՛» շարականից մինչև մեր օրերը, մեկնաբանում Տիրամորը նվիրված կատարումները, զուգահեռներ անցկացնում Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի և Բախի արվեստի և հիշեցնում մեծանուն դիրիժոր Ջոն Էլիոթ Գարդիների ասույթը. «Որտեղ հնչում է Բախի երաժշտությունը, այնտեղ Աստված է»։

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր-նախագահ Նարեկ Հարությունյանը մշտապես բարձր է գնահատում մերօրյա լեգենդի՝ Դանիել Երաժշտի անհուն գիտելիքներն ու նրան համեմատում երաժշտագիտության անսպառ ակունքի, անափ ծովի հետ, որից որքան խմում, այնքան չեն հագենում…

Եվ, իսկապես, երաժշտագիտական յուրօրինակ հանրագիտարան հիշեցնող այս համեստ արվեստագետին հանդիսատեսը մշտապես հետաքրքրությամբ է ունկնդրում և անդադար սովորում նրանից:
Ըստ մաեստրոյի՝ երաժշտությունն Աստծո հետ խոսելու լեզու է, ապրելակերպ, որն անհրաժեշտ է տարածել հասարակության բոլոր շերտերի համար, որպեսզի երկիրը մաքրվի մշակութային աղբից…

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»

07.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031