Բագրատաշենի մաքսակետի աշխատողը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, մանրամասներ հայտնեց մաքսակետի աշխատանքի մասին: Նա հայտնեց, որ քաղաքացիները ի նշան մաքսակետի աշխատաոճի դեմ բողոքի, պարբերաբար փակում են մաքսակետի ուղեփակոցը: Մաքսակետի աշխատողները չեն թույլատրում առանց մաքսավճարի ներմուծվող որոշ ապրանքների Հայաստան ներկրումը:
Օրինակ, օրենքով թույլատրվում է առանց մաքսավճարի մինչեւ 30 կգ նոր հագուստի Հայաստան ներկրումը, սակայն երբ Թուրքիայից ժամանած ավտոբուսները Բագրատաշենի մաքսակետ են հասնում, նույնիսկ մի քանի կիլոգրամ հագուստ չեն թույլատրում առանց մաքսավճարի ներկրել: Մաքսակետի աշխատողի վկայությամբ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ անձ հանդիսացող մաքսակետի հերթափոխի պետը Հայաստան ապրանքներ ներկրող 7-8 բեռնատար ունի, եթե ստուգվեն այդ ավտոմեքենաներով ներկրող ապրանքների հայտարարագրվող եւ իրական քաշը, մեծ տարբերություններ կբացահայտվեն:
Քաղաքացիները տեղյակ չեն մաքսային օրենսդրության դրույթներից: Օրինակ, օրենքով թույլատրվում է մեկ անձի կողմից մինչեւ 50 կգ նավթամթերքի(ոչ բենզինի եւ սոլյարկայի) առանց մաքսավճարի Հայաստան ներկրումը: 50 կգ ավտոմեքենայի յուղը մոտ 58 լիտր է: Մաքսակետի աշխատողի վկայությամբ՝ եթե քաղաքացին փորձի առանց մաքսավճարի 58 լ ավտոմեքենայի յուղ ներկրել Հայաստան, Բագրատաշենի մաքսակետում խնդիրներ կունենա:
Բագրատաշենի մաքսակետի աշխատողների մի մասը Երեւանի բնակիչներ են, ովքեր աշխատավայր ներկայանալու համար ամեն անգամ 220 կմ ճանապարհ են անցնում: Նրանք աշխատում են յուրաքանչյուր 4-րդ օրը, ամիսը 7-8 օր: Նրանք այդ ճանապարհն անցնելու, հերթափոխի ընթացքում սնվելու համար մեծ գումարներ են ծախսում,եթե այլ եկամուտ չունենային, հազիվ թե 130-150 հազար դրամ աշխատավարձի համար Երեւանից Բագրատաշեն հասնեին: Բագրատաշենի մաքսակետի պետն է Արթուր Գասպարյանը, ում մասին գրել ենք, որ 2017թ. հուլիսի 31-ին սեռական հայհոյանքներ է տվել, ծեծի ենթարկել Նոյեմբերյանի քաղաքի բնակչին:
2017թ. օգոստոսի 18-ին սկսվել, ցայսօր շարունակվում է ադրբեջանական խնձորների Հայաստան ապօրինի ներկրելու գործով դատավարությունը: Աղմկահարույց այդ գործով մեղադրյալներից մեկը ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային տեսուչ Խաչիկ Հակոբյանն է, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը»):
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ գործով աշխատանքից ազատված Խ. Հակոբյանը կրկին աշխատանքի է անցել Բագրատաշենի մաքսակետում:
Ակնկալվում ենք, որ ՀՀ մաքսային կոմիտեն պարզաբանումներ կտա վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ