Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծնունդդ շնորհավոր, աշակերտ

Հուլիս 09,2018 12:30

Կամ՝ բարեգործության հասցեները

Լոս Անջելեսից երկու երիտասարդ ընտանիքներ՝ Ջեյմս և Սիրանուշ Շնուդաները, Հենրի և Լաուրա Էսմայելյանները որոշել են իրենց արձակուրդը՝ իրենց զավակների (Միլա, Սարգիս, Էլա, Փարիզ և Նատալի) հետ, ոչ միայն Հայաստանում անցկացնել, այլև Միլայի և Նատալիի ծննդյան օրվա հետ նշել նաև հայաստանցի 200 աշակերտների ծննդյան օրը և թեև բավականին վաղ, բայց նրանց շնորհավորել գալիք ուսումնական տարվա առթիվ:

Այս մտահղացումը իրականություն դարձավ. բարերաների, նրանց աջակիցների՝ տվյալ դեպքում՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից «Մուլտերի աշխարհ» սրճարան հրավիրվեցին Նոր Նորքի վարչական շրջանի թիվ 135 դպրոցին հարող տարածքներում ապրող 200 անապահով ընտանիքների երեխաներ՝ կազմակերպված հանդիսույթին մասնակցելու և նախասեպտեմբերյան նվերների՝ պայուսակ, գրենական պիտույքներ և գրքեր ստանալու:

Բնականաբար, այստեղ առաջին հերթին ելույթ ունեցան հենց իրենք՝ երեխաները, իրենց խոսքերն ու մտքերը ներկայացնելով բանաստեղծությունների, երգ-երաժշտության, պարի, կրկեսային համարների միջոցով: Ավագներից էլ՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, թիվ 135 դպրոցի խորհրդի նախագահ Սեյրան Ավագյանը, դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը ջերմորեն ողջունեցին մեր սփյուռքահայ հայրենակիցների նվիրատվությունը և բոլոր երեխաներին շնորհավորեցին ծննդյան օրվա առթիվ:

Նաև անսպասելի անակնկալ կար՝ Հովհաննես Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը երեխաներին նվիրեց մեծ լոռեցու «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից վերջերս հրատարակված ժողովածուներից մեկը և հիշեցրեց, որ առաջիկայում սպասվող Թումանյանի 150-ամյա հոբելյանը հնարավորություն պետք է տա մատաղ սերնդին ավելի ու ավելի հաճախ հաղորդակցվել ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործական աշխարհի հետ:

Մինչ ավագները՝ բարերարները, ուսուցիչները սուրճ ըմպելով՝ փորձում էին քննարկել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործոնները և հեռանկարները, թեկուզև այսպես՝ 200 երեխաները սրճարանի տարբեր հատվածներում ու խաղահրապարակներում ձգտում էին պատկերացնել իրենց երազանքի աշխարհներում, միաժամանակ օգտվելով նաև կազմակերպիչների մատուցած հյուրասիրությունից, առաջին հերթին իրենց ծննդյան օրվա առթիվ մատուցած տորթից:

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»

07.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031