Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդարադատություն» մեկ ցուցմունքով

Հուլիս 09,2018 12:09

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ Հովիկ Մատինյանին, իր խոսքերով, հանիրավի մեղադրում են կողոպուտի մեջ: Նա Ռուսաստանի Դաշնությունից Գյուլագարակ է եկել 2017 թ. հոկտեմբերին՝ զարմուհու հարսանիքին մասնակցելու նպատակով: Այդ շրջանում էլ գյուղի մեկ այլ բնակչի տանից գողություն է կատարվել և վերջինս հայտարարել է, թե ճանաչել  է գիշերը իր առանձնատնից 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը գողացողին և որ նա Հովիկ Մատինյանն է: Հովիկ Մատինյանն էլ իր հերթին չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ այդ օրը նա գիշերել է մորեղբոր տանը և այդ ժամին քնած է եղել:

Հարուցված քրեական գործի շրջանակում, բացի տուժողի ցուցմունքից, Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան: Ընդ որում՝ տուժողը նախնական ցուցմունքում գողություն անողին այլ կերպ է նկարագրել, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ գողության օրը շփոթված է եղել և չի կարողացել ամբողջական տեղեկատվություն տալ և պնդել է, թե գողությունը Հովիկ Մատինյանն է արել: Անձին մեկ ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրելը հակասում է ինչպես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին, այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ տուժողի ցուցմունքը պետք է գնահատվի այլ ապացույցների համակցությամբ, իսկ դրանց բացակայության դեպքում քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ իր նախադեպային որոշումներում ընդգծել է, որ ապացույցները չեն կարող գնահատվել կամայականորեն, դա պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Եվ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ուշադրությամբ հետևելու է գործի ընթացքին:

Այսօր՝ 2018 թ. հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է հերթական դատական նիստը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031