Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար պետք է ստեղծվեն օրենքով սահմանված` պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքներից մեկն է և ամրագրված է ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածում: Այդ իրավունքի իրացումը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ:
Աշխատողների համար անվտանգության ապահովման, առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ստեղծման օրենքով սահմանված բուժկանխարգելիչ միջոցառումներից է պարտադիր բժշկական զննությունը (մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում՝ պարբերաբար): Պարտադիր բժշկական զննության ենթակա են մինչև 18 տարեկան, գիշերային ժամանակ կամ հերթափոխով աշխատողները, ինչպես նաև այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին: Գործատուն պարտավոր է հաստատել այն աշխատողների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր բժշկական զննության, և առողջությունը վերահսկող կազմակերպության հետ համաձայնեցնել բժշկական զննություն անցնելու ժամանակացույցը: Բժշկական զննություն անցնելու ժամանակացույցին աշխատողները ծանոթացվում են ստորագրությամբ:
Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների պարբերական բժշկական զննության անցկացման կարգը և ծավալը սահմանված են ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում): Որոշման համաձայն՝ պարբերական բժշկական զննության ենթակա աշխատողների թիվը որոշում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը` կազմակերպության տնօրինության հետ համատեղ` ոչ ուշ, քան մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը, ինչպես նաև հսկողություն է իրականացնում նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա աշխատողների պարտադիր բժշկական զննության ենթարկվելու և այն ժամանակին անցկացնելու նկատմամբ:
Ուստի, այն կազմակերպություններին, որտեղ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողները ենթարկվում են արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը, առաջարկվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ներկայացնել պարբերական բժշկական զննության ենթակա աշխատողների թիվը սահմանելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (արտադրությունների, արտադրամասերի անվանումները` նշելով համապատասխան արտադրական վնասակար և վտանգավոր գործոնները, որոնց ազդեցությանը ենթարկվում են աշխատողները, ինչպես նաև` նրանց մասնագիտությունն ու տվյալ պայմաններում աշխատանքի ստաժը):
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է նաև, որ կազմակերպության տնօրինությունն է ապահովում բժշկական զննությանն աշխատողների ժամանակին ներկայանալը և պատասխանատվություն է կրում նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած, ինչպես նաև բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար:
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին