Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հոգևոր «իմպոտենցիա»

Հուլիս 09,2018 10:24

Որքան էլ պնդենք, թե եկեղեցին ու քաղաքականությունն անհամատեղելի բաներ են, դրանք «անկախ» էին և այդպիսին էլ պիտի լինեն, իրականությունն այլ է: Միայն այն իրողությունը, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջի հարցն ակտիվացավ իշխանափոխությունից հետո, ապացուցում է, որ եկեղեցին՝ ի դեմս կաթողիկոսի, ընկալվում է որպես «հանցավոր համակարգի մաս»:

Երևի թե պարզ է, որ կաթողիկոսը չի վայելում առաքելական եկեղեցու  բոլոր հավատացյալների վստահությունն  ու աջակցությունը: Միևնույն ժամանակ արձանագրենք, որ չի կարող լինել հոգևոր առաջնորդ (և ոչ միայն), որը բոլորի սրտով կլինի, և դա նորմալ է: Սակայն խնդիրն այստեղ տարիների ընթացքում արմատավորված մոտեցումն է, թե «կաթողիկոսն է եկեղեցին»: Ֆեյսբուքյան մեկնաբանություններում օգտատերերից մեկն  այսպիսի մեկնաբանություն էր թողել. «Մարդ չի ուզում էդ մաֆիոզի պատճառով եկեղեցի մտնել»: Եվ, դատելով դրված լայքերից, կարելի է ասել, որ ձևակերպումն ընդունելի է պատկառելի թվով մարդկանց կողմից:

Հասարակական ընկալման մեջ համակարգերը հաճախ նույնականացվում են «գործող դերակատարների» հետ: Դա վերաբերում է թե´ պետական համակարգին, թե´ հոգևոր-եկեղեցական դաշտին: Օրինակ՝ «երկիրը երկիր չէ» ասողների համար պետությունն ու պետականությունը նույնն են, ինչ իշխանությունները: Երբ ժողովրդի թեկնածուն վարչապետ ընտրվեց, կարծես թե «երկիրը երկիր դարձավ»: Կոպիտ ասած՝ հիմա «երկիրը Նիկոլն է»: Օրվա հացի խնդիր լուծող մարդուն առանձնապես չեն հուզում «երկարաժամկետ» ճշմարտություններն ու գաղափարները: Ինչպես ասում են՝ գաղափարներով փոր չես կշտացնի: Իհարկե, վիճելի ու մերժելի մոտեցում է, բայց այդպիսի ընկալում, այնուամենայնիվ, կա:

Ճիշտ նույն տրամաբանությունը գործում է նաև եկեղեցու դեպքում: Լավն է կաթողիկոսը, լավն է եկեղեցին: Հետևաբար՝ հասարակության աչքերում եկեղեցին նախևառաջ հոգևորականներն են, որոնք էլ «դիմավորում» են կառույցը:

Շատերը կհիշեն, թե ինչպիսի ընդունելության արժանացավ Հռոմի պապը Հայաստան այցի ժամանակ: Իսկ միգուցե մենք սիրում ենք «օտա՞րը»: Այս դեպքում երևի՝ ո´չ: Հոգևոր ոլորտի առանձնահատկությունն էլ հենց այն է, որ ակադեմիական գիտելիքներ ունենալը կամ օտարամոլ լինելը պարտադիր չեն զգացական մակարդակով ընկալելու պարզությունն ու մարդասիրությունը:

Վատ բարեկամի նման Նոր տարուց Նոր տարի երևալով, հանրությունից խուսափելով ընդունելի լինելը դժվար բան է: Հիմա շատերը կպնդեն, թե եկեղեցու կողմից բարեգործություններ կամ հազար ու մի բաներ են արվում: Բայց այն, ինչը առուծախի առարկա է,  հոգևոր չէ: Վերջինս մարդուն տալու համար շատ ջանքեր ու միջոցներ պետք չեն:  Իսկ հիմա կարո՞ղ է, օրինակ,  հասարակ մարդը հանդիպել կաթողիկոսի հետ առանց ժամերով «ախռանի պետի» հետ լեզու թրջելու (եթե, իհարկե, հաջողվի): Հոգևոր առաջնորդի «ֆիզիկական անձեռնմխելիությունն» ապահովելն ու թիկնապահներով «ֆռֆռալը» կոչումը դարձնում են քաղաքական պաշտոն:

Սլավա Բադալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Իր ժողովրդից կտրված անդուր մարդը չի կարող լինել Կաթողիկոս: Եթե ինքը դա չի գիտակցում, ինչ եք ուզում այդ անձից:

  2. Հայ մարդ says:

    Որ կաթողիկոսը հոգևոր աշխարհից ավելի հեռու է գտնվում և ավելի մոտիկ է կանգնած աշխարհիկ ու գործարար կյանքին, այդ մասին շատերն են խոսում: Բայց որ այդ մարդը ամուր կառչած է կաթողիկոսական գահին և հանուն դրա պատրաստ է շարունակաբար կարգալույծ անել բոլոր այն հոգևորականներին, որոնք կհամարձակվեն հակադրվել իրեն, դա դժվարացնում է նրան գահընկեց անելու գործը: Հույս ունենալ, որ կաթողիկոսը հասարակական կարծիքը վեր կդասի անձնական շահից, միամտություն է: Բայց վաղ թե ուշ նա կզգա իր հեղինակազրկման չափը և իր թիմն անգամ իրեն արդեն չի պաշտպանի:

  3. Կարեն says:

    Երեկ ռադիոյով լսեցի, որ կաթողիկոսը Հայր Կորյունին ապաշխարհելու ժամանակ է տվել, որպեսզի վերջինս առանձնանա և ապաշխարհելով մաքրվի մեղքերից: Ինձ հակառակն է թվում, որ անհրաժեշտ Է հենց կաթողիկոսին ապաշխարհելու ժամանակ տրվեր, որպեսզի ինքը աշխարհիկ կյանքից հոգևոր կյանքին վերադառնալու համար ճգնավոր դառնար, երկար ծոմ պահեր, Աստծո առաջ խոստովաներ բոլոր իր գործած մեղքերը, զղջար, թե քանի ազնիվ եկեղեցականի է անտեղի կարգալույծ արել՝ որպեսզի իր կաթողիկոսական գահին բազմելուն ոչ ոք չխոչընդոտի: Դրանից հետո միգուցե ժողովուրդը նույպես ներեր նրան, միգուցե…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031