Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական երիտասարդական հավաքն ամփոփվեց ուխտի պատարագով

Հուլիս 08,2018 19:15

Հուլիսի 8-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Պայծառակերպության տոնին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որով ամփոփվեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հնգօրյա հավաքը։ Պատարագիչն էր Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Սրբազան արարողությանը ներկա հավաքի շուրջ չորս հարյուր մասնակիցները և այս առիթով տարբեր թեմերից ժամանած երիտասարդները զանգակատան առջև ողջունեցին Վեհափառ Հայրապետին, ով զանգերի ավետաբեր ղողանջների ներքո եկեղեցականների թափորով առաջնորդվեց տաճար, ուր նաև իր խոնարհումը բերեց գավթում ամփոփված մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքներին։

Ուխտի պատարագի ընթացքում պատարագիչ Հովնան Սրբազանն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին և այդ խորհրդով յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի պայծառակերպման անհրաժեշտությանը։ «Մեր Թաբոր լեռը Հայաստանն է, որովհետև այս սուրբ հողի վրա իջավ ՄԻածին Որդին։ Ամեն անգամ, երբ ոտք ենք դնում Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին, նորոգում ենք մեր կյանքն Աստծուն ընծայելու ուխտը՝ մեր հոգու մեջ կրելու պատկերը Սուրբ Էջմիածնի, հավատքի տեսիլքը մեր նախնյաց, մեր ներկան իմաստավորելու հոգևոր ու բարոյական արժեքներով և գալիք սերունդների կյանքը լուսավորելու եկեղեցանվեր ու ազգայնասեր գաղափարախոսությամբ։ Դրա համար է, որ երկրորդում ենք առաքյալի խոսքը՝ ասելով՝ Տեր բարվոք է, որ այսօր այստեղ ենք», – մասնավորապես նշեց Սրբազանը։

Հովնան արքեպիսկոպոսը նաև խոսեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս օրերին Հայաստանում անցկացվող համահայկական երիտասարդական հավաքի ընթացքի մասին։ Սրբազանն ընդգծեց, որ անցնող օրերին երիտասարդներն իրենց զրույցների, խորհրդածությունների և ընդհանրական աղոթքի շնորհիվ լցվեցին Հայրենիքի և Սուրբ Էջմիածնի խորհրդով և հիրավի  պայծառակերպված վերադառնալու են իրենց երկրներ՝ իրենց հետ տանելով Նորին Սրբության հայրական սերն ու օրհնությունը և ամենակարևորը՝ Հայրենիքով, Սուրբ Էջմիածնով ապրելու խորհուրդը։

Քարոզի ավարտին երիտասարդներն ընթերցեցին իրենց ուխտագիրը․ «Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Եվ այժմ, ուխտագնացության մասնակիցներս, Սուրբ Էջմիածնի մշտանորոգ օրհնության ներքո և ներկայությամբ Մայր Աթոռիս ազգընտիր գահակալի, հոգևոր դասի և համայն հավատացելոց՝ ուխտում ենք լինել Աստծո պատուիրաններին հետևող և մեր կենդանի հավատքը բարի գործերով փաստող ճշմարիտ քրիստոնյաներ։

Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Հավատքի ճշմարիտ գիտակցությամբ ուխտում ենք հավատարիմ մնալ մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ դավանությանը, զորավիգ լինել հայոց պետականության հզորացմանը, նախանձախնդիր՝ ազգային ինքնության և մեր նախնյաց կտակած մնայուն արժեքներին։

Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին՝ աղոթքով պայծառակերպված, երիտասարդական ավյունով առլեցուն, բարձր գիտակցությամբ, միասնականության ոգով՝ մեկ անգամ ևս հավաստելու մեր անսահման սերը դեպի սրբազան Երկիրն Հայրենի և Սուրբ Եկեղեցին։

Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Մեր սերն ու հավատարմությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին և խոստանում առավել նվիրումով մեր նախանձախնդիր ծառայությունը բերել ի խնդիր Եկեղեցու և Հայրենիքի պայծառության և շինության։

Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Սուրբ Էջմիածինը ծննդավայրն է մեր սրտի և հոգու, հանդիպման վայրը՝ Աստծո և մարդկանց։ Որպես հարազատ զավակներն այս Սուրբ Եկեղեցու, աղոթում ենք, որ Աստված անսասան, ծաղկուն և բարգավաճ պահի սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ զորացնելով մեզ հավատքի, սիրո և եղբայրասիրության մեջ, որպեսզի դառնանք հայրենասիրության և նվիրումի անսպառ աղբյուր։ Ամեն»։

Սուրբ պատարագի ավարտին, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ, որից հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր պատգամն ուղղեց երիտասարդներին՝ հորդորելով, որպեսզի իրենց շուրթերից մշտապես հնչի պայծառակերպության սրբազան խորհրդով լուսավորված աղոթքը: Նորին Սրբությունը կոչ արեց հայորդիներին Տերունապատվեր շնորհների ներքո միշտ լինել Աստծո սեփական ժողովուրդ և աստվածահաճո գործերով պայծառացնել, շենացնել ու հզոր դարձնել Հայրենիքը, լուսավոր՝ Հայոց Սուրբ Եկեղեցին:

Սուրբ պատարագի ավարտին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակում երիտասարդները մասնակցեցին Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ ՍԷջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031