Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջիվանու օր» տոնակատարությունը՝ անզուգական հնչյուններով և նոր երանգներով

Հուլիս 08,2018 15:46

2018թ. հուլիսի 7-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մեծ շուքով նշվեց Ջավախքի մշակութային օրացույցում արդեն ավանդույթ դարձած և ամենասպասված տոներից մեկը՝ Ջիվանու օրը:

Տոնակատարությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը և գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամներ, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները, բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, ջիվանասերներ և կարզախցիներ:

Այս տարի միջոցառումը կազմակերպվեց Ախալքալաքի տեղական իշխանությունների և ՋԱՀ-ի հիմնադրած Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գործընկերությամբ:

Տոնական օրը սկսվեց Սուրբ Պատարագի մատուցմամբ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում ձեռամբ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Պատարագին հաջորդեց հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո էլ տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի Աշուղ Ջիվանու տուն-թանգարան:

Հյուրերին տուն-թանգարանի բակում դիմավորեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները ազգային նվագարանների կատարմամբ, որից հետո ներկաները շրջեցին տուն-թանգարանում և ծանոթացան Մեծանուն Աշուղի թողած ժառանգությանը, ինչպես նաև հնարավորություն ունեցան համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը:

Կարևորելով Ջավախքում զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը, այս տարի տուն-թանգարանի բակում ՋԱՀ-ի աջակցությամբ կազմակերպվեց «Կարզախի բարիքներ» անունը կրող գյուղական մթերքների տոնավաճառ: Տեղի ունեցավ նաև թեմատիկ հուշանվերների բարեգործական վաճառք, որից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է տուն-թանգարանի զարգացման ծրագրերին:

Տուն-թանգարան այցելությունից հետո հյուրերին սպասվում էր համերգային ծրագիր, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը: Շնորհակալական խոսք հղելով միջոցառման կազմակերպիչներին, քաղաքապետը հայտարարեց համերգային ծրագրի մեկնարկը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, ով փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարարի ուղերձը ջավախքցիներին Ջիվանու օրվա առթիվ:

Իր խոսքով հանդես եկավ նաև ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ով ընդգծեց այն փաստը, որ նմանատիպ միջոցառումներին վրացական իշխանությունների մասնակցությունը և դրանց կարևորություն տալը մի նոր մակարդակի է բարձրացնում հայ-վրացական հարաբերությունները: Ներկաներին օրվա առթիվ իր շնորհավորանքի խոսքը հղեց ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը՝ ընդգծելով կարզախցի երիտասարդների մոտ զգալի առաջընթացը համախմբվածության և համայքնի ակտիվացման գործում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները իրենց դրական անդրադարձը կունենան նաև ջավախահայության կյանքում:

«Ջիվանու օր» տոնակատարությունն իր անզուգական կատարումներով գեղեցկացրեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր, ինչպես նաև իր կատարումներով հանդես եկավ մեր ժամանակների սիրված Աշուղ Լեյլին: Համերգային ծրագրում ելույթ ունեցան նաև Կարզախի «Ջիվանու» անվան պարի անսամբլը, «Ջավախք» ժողովրդական երգի-պարի անսամբլը, Դամալա գյուղի պարի համույթը, Մյունխենի «Անուշ» պարախումբը, ժողովրդական երգիչ Արմեն Մկոյանը և այլ կատարողներ:

«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի, Գերմանիայից Հայաստան ժամանած Մյունխենի «Անուշ» պարախմբի և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երիտասարդ երաժիշտների մասնակցությունը տոնակատարությանը ապահովել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:

ՋԱՀ-ը շարունակելու է ընդլայնել Ջավախքում մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու աջակցումը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031