«Ցանկացած երկրի համար նվաճում է ունենալ «Ոսկե ծիրանի» նման փառատոն: «Եվա» ֆիլմը շատ միջազգային փառատոների է մասնակցել, բայց ուրախ եմ, որ նաև այս փառատոնին կներկայացվի»,-հուլիսի 8-ին կայացած ասուլիսում հայտնեց կինոռեժիսոր Անահիտ Աբադը: Նա իր ֆիլմը բնորոշեց որպես 17 տարվա խմորման արդյունք, ապա անդրադարձավ իր արցախյան այցելությանը եւ ֆիլմի մտահղացման նախապատմությանը:
Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ ադրբեջանական կողմի բողոքների պատճառով Ստամբուլի միջազգային կինոփառատոնում «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելուն:
Անահիտ Աբադը հիշեցրեց, որ այդպես էլ Ստամբուլում ֆիլմը չցուցադրվեց, թեեւ մրցութային բաժնում էր, բացի այդ Թուրքիայի ազգային անվտանգության ուժերը արգելափակել են ֆիլմի ցուցադրությունը:
Ռեժիսորը տեղեկացրեց, որ առաջիկայում «Եվան» կցուցադրվի Իրանի կինոթատրոններում: Ֆիլմի հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Նարինե Գրիգորյանի խոսքով՝ Եվան իրեն սովորեցրել է ամեն դժվարություն արժանապատիվ կերպով հաղթահարել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armlur.am կայքից: