Հայտնի ռոք երաժիշտ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ստաս Նամինը, որ Հայաստանում է հոբելյանական «Ոսկե ծիրանի» առիթով, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է պապի՝ Անաստաս Միկոյանի մասին ֆիլմ նկարել:
«Նա զիլ մարդ է եղել եւ Հայաստանում եւ Ռուսաստանում: Հայաստանում, որովհետեւ հայ էր եւ Ռուսաստանում, որովհետեւ հայկական հնչողությամբ էր ռուսերեն խոսում»,-ժպտալով ասաց արվեստագետը: Նաեւ շեշտեց, որ ցանկանում է վավերագրերի հիման վրա ֆիլմ նկարել, ոչ թե հարազատների հիշողություններով, որ միայն հաճելի բաներ չպատմեն:
Խոսեց նաեւ իր մեկ այլ ֆիլմի մասին, որ Գորբաչովի եւ Ռեյգանի 1986 թ ռեյկյավիկյան հանդիպմանն է վերաբերվում, այն հենց այդպես էլ կոչվում է՝ «Ռեյկյավիկ»: Ռեժիսորը այն կարեւորում է նրանով, որ այդ հանդիպմամբ վերջ դրվեց «սառը պատերազմին», որը կարող էր չարիքի ծնունդ հանդիսանալ՝ շարունակվելու դեպքում: Ֆիլմն Ամերիկայում է նկարվում:
Հայաստանյան վերջին փոփոխություններին էլ անդրադարձ եղավ: «Ասում ենք «թավշյա» հեղափոխություն… դա ազգի քաղաքակրթական բարձրագույն որակի արտահայտություն է, երբ չեղավ ոչ մի ագրեսիա, ոչ մի ցուցափեղկ ու մեքենա չջարդվեց, անգամ երեխաներն ու կանայք էին մասնակցում, իշխանութունն էլ չցանկացավ պայքարել իր ժողովրդի հետ»,- ասաց Ստաս Նամինը:
Նաեւ նշեց, որ Մոսկվայում անեկդոտ է պտտվում այդ մասին. «Ասում են՝ եկեք մենք էլ թավշյա հեղափոխություն անենք հայերի նման, մեկն էլ պատասխանում է՝ հայերի նման չենք կարող, որովհետեւ մեզ մոտ այդքան հայ չկա»:
Նամինը Նիկոլ Փաշինյանին զգույշ լինելու խորհուրդ տվեց՝ ասելով, որ այն մարդիկ, որոնցից վերցվում է ժողովրդից խլվածը, կարող է չհարմարվեն կատարվածի հետ:
«Հեղափոխությունը եղավ, բայց ավելի կարեւոր է երկիր կառուցելը, ինչը բարդ է, հղի կոնֆլիկտայնությամբ: Պետք է անձանցից վերցված սեփականությունը ազգայնացնել, իսկ դա ռիսկի հետ է կապված: Փաշինյանը պետք է գիտակցի ռիսկի գործոնը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ