Լրահոս
Օրվա լրահոսը

Ստաս Նամինը՝ Ֆիդել Կաստոյի հետ բարեկամության, ԿԳԲ-ական Կիրիլ պատրիարքի ու Հայաստանի մասին

Հուլիս 08,2018 13:15

Հայաստանում է լեգենդար ռոք երաժիշտ, կոմպոզիտոր,կիթառահար, պրոդյուսեր, ռեժիսոր եւ նկարիչ Ստաս Նամինը: Նրա «Հայաստանի հնագույն տաճարները» եւ «Իրական Կուբան» ֆիլմերը ընդգրկված են «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» եւ «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրերում:

Արվեստագետը հուլիսի 8-ին կայացած ասուլիսում ներկայացրեց իր աշխատանքները եւ որոշ փակագծեր բացեց: Ասաց, որ երկու ֆիլմերն էլ չեն հավակնում կինեմատոգրաֆիական հայտնություն լինել, դրանք տեղեկատվական բնույթ ունեն:

«Կուբան եւ Հայաստան երկուսն էլ փոքր երկրներ են, որոնց մասին շատերը ոչինչ չգիտեն, ուղղակի գիտեն, որ կա նման երկիր, բայց թե ինչ է այնտեղ կատարվում, ինչպես են մարդիկ ապրում, տեղյակ չեն»,-ասաց Նամինը:

Պատմեց, որ Կուբայի հետ իր հարազատությունը մանկությունից է գալիս. պապը մտերիմ է եղել Ֆիդել Կաստրոյի հետ, Կաստոն մի անգամ գարնանն այցելել է իրենց տուն՝ Մոսկվա; Ու երբ ցանկություն է հայտնել ձյուն տեսնել, Նամինը, որ երեխա էր, նրա համար ձյուն է գտել-բերել:

Ի դեպ, «Իրական Կուբան» Ստաս Նամինը նկարել է Ջիմ Բրաունի հետ:

Հայազգի արվեստագետի հաջորդ հանդիպումը Կուբայի հետ 88-ին էր, հյուրախաղերի էր այդ երկրում, համերգն էլ ամենամեծ դահլիճում էր: Երաժիշտը հիշում է, որ առաջին շարքում ռուսներ էին նստած, քանի որ կուբացիներին թույլ չէին տվել ներքեւ իջնել; Ստիպված ինքը դադարեցրել է համերգը, պահանջել, որ կուբացիներն էլ նստեն առաջին շարքերում, ինչի պատճառով կոշտ զրույց է ունեցել խորհրդային ԿԳԲ-ի ներկայացուցիչների հետ եւ իրեն զգուշացրել են, որ դա իր վերջին արտասահմանյան այցն է:

«Հետո իմացա, որ դահլիճում կատարվածի մասին կուբայական ԿԳԲ-ն զեկուցել է Ֆիդելին, եւ նա փրկել է ինձ, այլապես չգիտեմ, թե ինչ կպատահեր ինձ հետ»,-ժպտում է Նամինը: Նաեւ հավելում, որ երբ որոշ հեղինակավոր թերթեր գրել են, որ համերգը փայլուն է անցել, Կուբայում ԽՍՀՄ դեսպանն իրեն շնորհակալություն է հայտնել՝ որակելով ողջ երկրի հպարտություն:

Ասում է՝ երրորդ անգամ Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպել է արդեն Լեոնարդու Դի Կապրիոյի եւ մի դերասանուհու հետ, Ֆիդելը սովորեցրել է սիգար ծխել:

Դառնալով «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմին՝ Ստաս Նամինն ասաց, որ այն որդու՝ Արտյոմի հետ է նկարել, որն առաջին անգամ էր Հայաստան եւ Արցախ այցելում, ու դրանից հետո ասել է, որ իրեն իսկական հայ է զգում:

«Հայաստանն իմ արյունն ու մարմինն է»,- նշեց Նամինը, նաեւ ասաց, որ նկարածը մոդայիկ ֆիլմ չէ, պարզապես ցանկացել է ցուցադրել այն ամենը, ինչ կա իրականում: Հիշեց նաեւ 60-ականների համար երեւույթ համարվող ռոք փառատոնը, որ կազմակերպել էր Երեւանի հեծանվահրապարակում՝ առանց համաձայնեցնելու «վերեւների» հետ, ինչի համար իրեն տարիներ շարունակ արգելում էին դուրս գալ ԽՍՀՄ-ի տարածքից; Բայց միջազգային հայտնի պարբերականներ հիացմունքով են գրել, որ Երեւանում անցկացվել է ռոք փառատոն, մարդիկ վայելել են այն՝ առանց թմրամիջոցների:

Ինչ վերաբերվում է «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմին, նշեց, որ տաճար ասելով զուտ պաշտամունքային օջախը նկատի չունի, այլ ժողովրդի հոգեւոր, մշակութային հարստությունը, գենետիկ կոդը:

Հայտնեց, որ ֆիլմում յուրատեսակ համադրության է դիմել՝ Ամենայն հայոց հայրապետի ու Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի կերպարների միջոցով: Տեքստն էլ, որտեղ կարեւոր պատմական փաստեր են, Չուլպան Խամատովան է կարդում:

«Գարեգին կաթողիկոսի կողքին Կիրիլը որպես մարդ այնքա՛ն կեղծ է, սարքովի, ո՞վ չգիտի, որ նա ռուսական ԿԳԲ-ի գեներալ է»,-շեշտեց արվեստագետը:

Ստաս Նամինն ասում է, որ ֆիլմի միջոցով փորձել է բոլորին ասել, որ հայերը աշխարհի միակ ազգն են, որ պահպանել են իրենց գենետիկ կոդն ու ինքնությունը. «Օրինակ այսօրվա հույների գենետիկ կոդն այլ է, նրանք ոչ մի կապ չունեն հին Հունաստանի հետ, նույնն էլ Կահիրեի դեպքում է, այն կապ չունի հին Կահիրեի հետ»:

Ադրբեջանին էլ արվեստագետն անդրադարձավ: Նշեց, որ ինչքան էլ նավթ ունենան, չեն կարող ունենալ Սարոյան, Իսահակյան ու անգամ Միկոյան:

Արվեստագետը նշեց, որ փոքր որդու անունը Անաստաս են դրել, ինչպես պապիկինը, նա երկու տարեկան է, եւ Միկոյանների չորրորդ սերունդն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031