Կապրեզե աղցան սիրում են բոլորը: Հիշեցնեմ, որ կապրեզեն ոչ մի կապ չունի «կապրիզի»` քմահաճույքի հետ, այլ ցույց է տալիս աղցանի ակունքները` Կապրի կղզին: Իտալերենից թարգմանելով` կապրիական է նշանակում: Այս աղցանի ամենատարածված եւ դասական տարբերակը ես արդեն ներկայացրել եմ ձեզ այստեղ:
Այսօր կներկայացնեմ մեկ այլ տարբերակ` մանր, «չերրի» տեսակի լոլիկներով, նույն չափի մոցարելա պանրիկներով եւ պեստո թանձրուկով: Պեստոն կարող եք գնել պատրաստի վիճակում, սակայն կարող եք պատրաստել ինքներդ, մանավանդ հիմա` այս սեզոնին շուկաներում եւ երբեմն նաեւ` սուպերմարկետներում հնարավոր է գտնել դրա կարեւոր բաղադրիչներից մեկը` թարմ կանաչ ռեհանը` բազիլիկը: Պեստոյի պատրաստման եղանակն էլ եմ ձեզ ներկայացրել` այստեղ, բայց հիշեցնեմ` կանաչ թարմ ռեհան` 1 կապ, մանրած պարմեզան- 0,5 բաժակ, մայրու ընկույզ (кедровый орех կամ pine nut)- 50 գրամ (սա բավականին դժվար է գտնելը, կարող եք փոխարինել սովորական ընկույզով), 1 խոշոր պճեղ սխտոր, 0,5 բաժակ ձիթապտղի յուղ: Ռեհանի տերեւներն առանձնացրեք պոչերից, լցրեք ամանի մեջ, վրան ավելացրեք կտրատած սխտորը, պարմեզանը, ընկույզն ու ձեթը եւ լավ մանրեք ձեռքի կոտորակիչով (блендер), մինչեւ միատարր զանգված դառնա:
Անցնենք աղցանին:
Անհրաժեշտ մթերքները
Կարդացեք նաև
Կանաչ ռեհան` բազիլիկ- 5-6 ճյուղ
Չերրի լոլիկ- 15-20 հատիկ
Մանր մոցարելլա պանրիկներ (վաճառվում են սուպերմարկետներում, ընդ որում` հայկական արտադրության, շատ համեղ)- 15-20 հատիկ
Պեստո թանձրուկ- 1 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ-2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Չերրի լոլիկներն ու բազիլիկը լավ լվացեք ու լավ չորացրեք: Լոլիկները կիսեք մեջտեղից, իսկ ռեհանի տերեւներն առանձնացրեք պոչերից:
Աղցանամանի մեջ լցրեք լոլիկները, ռեհանի տերեւները, պանրի գնդիկները:
Պեստո թանձրուկը լավ խառնեք ձիթայուղի հետ, նույնպես ավելացրեք աղցանին: Լավ խառնեք եւ մատուցեք:
Կարող եք մատուցել խաշած կարտոֆիլի հետ, որի վրա նույնպես կարող եք պեստո թանձրուկ լցնել` շատ համեղ է ստացվում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ