Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդավառի կանոնադրություն

Հուլիս 08,2018 10:21

Տղաներ և աղջիկներ,
Վաղը Վարդավառ է՝ իմ ամենասիրած տոնը։

Հավուր պատշաճի ջրումներ իրականացնելիս առաջարկում եմ օգտվել հետևյալ կանոններից (լրացված ու փոփոխված), որոնցով փորձ է կատարվում արտացոլել ու հավասարակշռել գոյություն ունեցող բոլոր իրավաչափ շահերը (ջրողների, ջրվողների, ակնհայտ հղի կանանց, զբոսաշրջիկների և այլն)։

«Կանոն 1. Արգելվում է ջրել 63 տարեկանից բարձր, 3 տարեկանից ցածր անձանց, ակնհայտ հղի կանանց, ինչպես նաև համազգեստ կրող իրավապահ մարմինների ծառայողներին։

Կանոն 2. Ջրումն իրականացվում է 16-28 C (60-82 F) ջերմաստիճանի առերևույթ մաքուր ջրով՝ դույլերով, այլ համանման տարաներով կամ մեխանիկական ջրամղիչ սարքերով՝ մարդու մկանային ուժի գործադրմամբ, իսկ բացառիկ դեպքերում՝ թույլ հզորության պոմպերի օգտագործմամբ։

Կանոն 3. Ջրելուց առաջ ջրողը պարտավոր է ջրվողի համար հասկանալի լեզվով տեղեկացնել վերջինիս ջրելու մտադրության մասին (պատշաճ ծանուցման պայման)։

Կանոն 4. Ջրողն իրավունք ունի ջրումն իրականացնել առանց սույն կանոնադրության 3-րդ կանոնով սահմանված պատշաճ ծանուցման, եթե «հիմնավոր կասկածից վեր» չափանիշով ակնհայտ է, որ ջրվողը հրաժարվել է ջրվելու մասին պատշաճ ծանուցված լինելու իրավունքից՝ հրապարակային հայտարարությամբ, կոնկլյուդենտ գործողություններով կամ այլ համարժեք եղանակով։

Կանոն 5. Եթե ջրվելու մասին պատշաճ ծանուցված ջրվողը ներկայացնում է հիմնավոր պատճառ ջրվելու անհնարինության մասին, ապա ջրումը կասեցվում է մինչև հիմնավոր պատճառի վերացումը։

Կանոն 6. Սույն կանոնադրության 5-րդ կանոնում նշված պատճառի հիմնավորությունը գնահատում է ջրողը՝ ելնելով համաչափության, խտրականության անթույլատրելիության, մարդու արժանապատվության հարգման, սիրո ու հանդուրժողականության սկզբունքներից։

Կանոն 7. Առաջնային ջրվողն իրավունք ունի առաջնային ջրողին ջրել առանց պատշաճ ծանուցման (հակադարձ ջրման իրավունք)։

Կանոն 8. Պաշտոնատար անձ հանդիսացող առաջնային ջրվողն իրավասու չէ հակադարձ ջրման իրավունքն իրացնել ԱԱԾ-ի, ոստիկանության կամ իրավապահ այլ մարմինների միջոցով։

Կանոն 9. Սույն կանոնադրությամբ սահմանված կարգով առաջին անգամ ջրված զբոսաշրջիկներին ջրողը պարտավոր է պարզաբանել Վարդավառի հոգևոր-մշակութային նշանակությունը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որ ջրված զբոսաշրջիկն օգտվի 7-րդ կանոն սահմանված հակադարձ ջրման իրավունքից։

Կանոն վերջին։ Ջրումը որպես վենդետտա արգելվում է։»

Տարածել խնամքով։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    25 տարի դրինք որ այս ցանկացուած ազատութիւնը ձեռք բերենք -ելեր էք մեզի ՕՐԷՆՔՆԵՐ կը դնէք և այն էլ թուարկուած -բարեկամ կը թուի թէ դուք ՛՛հին՛՛ ռէժիմէն չէք ձերբազատուած տակաւին – Գնացէք պրոբատիկէ աւազան մի լաւ լողացէք որ հինէն բան չի մնայ ; /Վարդավառի կատակ /

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031