Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվել Գրիգորյանը և մենք

Հուլիս 08,2018 12:00

Ընդամենը մի օրվա տարբերությամբ կալանավայրից ազատ արձակվեց գեներալ ու հերոս Սամվել Բաբայանը, և կալանավայրում հայտնվեց մեկ այլ հերոս գեներալ՝ Մանվել Գրիգորյանը: Դրանից մի քանի օր առաջ էլ մեր մեկ այլ հերոս՝ Նիկոլայ Ռիժկովն էր մեր կապակցությամբ անկապ վայրահաչել: Ռիժկովի վերաբերյալ բոլորիս վերաբերմունքը, բնականաբար, միանշանակ էր: Մանվել Գրիգորյանի դեպքում էլ է կարծես միանշանակ, բայց Մանվել Գրիգորյանի դեպքի հետ կապված նաև անհեթեթ եզրակացությունների ու վերլուծությունների հանդիպեցինք: Որոշ «վերլուծաբաններ» գեներալ Մանվելի գոյությունն ու ողջ գործունեությունն ուղղակիորեն են կապում մեր մեկ այլ հերոսի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Ընդ որում՝ նենգորեն են կապում: Միանգամայն բնական է, որ կապում են, որովհետև երկուսն էլ զինակիցներ են եղել և Արցախյան պատերազմի ոչ շարքային մասնակիցներ: Այդուհանդերձ, պարտավոր ենք հաշվի առնել, որ այն, ինչի համար այսօր դատապարտվում է գեներալ Մանվելը, եղել է ոչ Վազգեն Սարգսյանի իմացությամբ և ոչ էլ նրա կյանքի օրոք:

Ժողովուրդն ասում է՝ «եզն ընկավ, դանակավորները շատացան»: Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածը հենց դա է: Նույնիսկ Սեյրան Սարոյանն է զարմացած խոսում: Եվ բոլորն են զարմացած խոսում Մանվել Գրիգորյանի ու նրա արածների մասին: Մինչդեռ կարող ենք վկայել, որ գեներալ Մանվել Գրիգորյանը երբևէ որևէ մեկից գաղտնի ու թաքուն չի գործել: Նրա «քաջագործություններից» հատկապես էջմիածինցիներն են տեղյակ եղել, բայց միայն հիմա են բարձրաձայնում: Ասվածը վերաբերում է նաև զանգվածային լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք չբավարարվելով Մանվել Գրիգորյանի առնչությամբ ԱԱԾ-ի բացահայտումներից՝ ավելի հեռուն գնացող ակնարկներ են անում՝ Մոնթե Մելքոնյանին ու այլոց առնչվող հարցերով:

Գաղտնիք չէ, որ մեր քաղաքական գործիչների ու հասարակության մեջ մեր մեկ այլ հերոսին՝ լուսահոգի Վազգեն Սարգսյանին, չսիրողներ էլ կան: Նրանք առիթն օգտագործելով՝ ակնարկում կամ բացեիբաց հայտարարում են, որ գեներալ Մանվել Գրիգորյանն իր անօրինականությունները կատարել է Վազգեն Սարգսյանի իմացությամբ և նույնիսկ հովանավորությամբ: Նրանք նույնիսկ հաշվի չեն առնում, որ այն ամենը, ինչ բացահայտել է ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առնչությամբ, եղել ու տեղի է ունեցել Սպարապետի մահվանից հետո:

Ի տարբերություն Նիկոլայ Ռիժկովի, ով Հայաստանի հերոս է, Սամվել Բաբայանն ու Մանվել Գրիգորյանն Արցախի հերոսներ են: Ինչպես նաև՝ գեներալներ: Ինչ որ ճիշտ է՝ ճիշտ, հերոսների ու մանավանդ գեներալների առատությունը մեզանում չափազանց է: Գեներալների կոչում ունեն մարդիկ, ովքեր չպիտի ունենային:

Ժիրայր Սեֆիլյանը գեներալ չէ, բայց էական դեր է ունեցել Արցախյան պատերազմում: Ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին և ազատազրկված էր: Շատերի կարծիքով՝ Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալներ էին: Գեներալ Մանվել Գրիգորյանին նույնիսկ հանրապետականները քաղբանտարկյալ չեն համարում: Եվ դա էլ է հասկանալի ու միանգամայն բնական, որովհետև Մանվել Գրիգորյանին որևէ մեկը երբևէ քաղաքական ճնշման չի ենթարկել, ավելին՝ ինքն է քաղաքական ճնշման ենթարկել բազմաթիվ էջմիածինցիների և ոչ էջմիածինցիների: Այդ մասին շատերը լռել են, բայց հիմա բոլորն են խոսում: Նույնիսկ ավելի շատ են խոսում, քան պետք է: Ինչպես լռելիս չափը չէինք ճանաչում, այնպես էլ՝ խոսելիս: Էս պահին ոմանց լռությունն ավելի ցանկալի է, քան խոսելը: Նույնիսկ Սեյրան Սարոյանն է խոսում: Մանվել Գրիգորյանի մասին: Պատկերացնո՞ւմ եք: Եթե չխոսեր, իհարկե չէինք պատկերացնի: Բայց արդեն խոսել ու դատապարտել է գեներալ Մանվել Գրիգորյանին: Սեյրան Սարոյանը: Նույնպես գեներալ: Ասում է, որ իր համար նույնպես նորություն էր այն ամենը, ինչ կատարել է Մանվել Գրիգորյանը:

Արդյոք մեզանում շատ չե՞ն գեներալները: Ոչ միայն գեներալ են, այլև պատգամավոր: Իսկ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, պատգամավոր չէ: Երևի ճիշտը դա է: Չնայած՝կարող էր պատգամավոր լինել, աշխատել պաշտպանության հանձնաժողովում և իր անձնական փորձով ու խորհուրդներով նպաստել զինվորական գործին ու բանակաշինությանը: Այնպես որ՝ մենք էլ պատասխանատվության մեր բաժինն ունենք՝ թե՛ հերոսների որակի առումով, թե՛ գեներալների քանակի ու որակի առումով, և, իհարկե, առաջին հերթին պատասխանատու ենք Ազգային ժողովի պատգամավորների որակի համար: Ինչ վերաբերում է կոնկրետ գեներալ ու հերոս Մանվել Գրիգորյանի դեպքին, երիցս ենք պատասխանատու՝ յուրաքանչյուրս մեր չափով: Գրեթե բոլորս՝ քաղաքական գործիչները, կուսակցականներն ու անկուսակցականները, լրագրողներն ու հրապարակախոսները, պատգամավորներն ու շարքային քաղաքացիները, էջմիածինցիներն ու երևանցիները և էլի շատերը: Ոչ միայն պատասխանատու ենք, այլև, կարելի է ասել, ինչ-որ առումով ու ինչ-որ չափով՝ նույնիսկ մեղսակից: Հենց թեկուզ իմանալու ու չհայտնելու առումով:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

07.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Արշալույս գեյթս 1996 սեպտեմբեր
    – մի 100 հոգու ( թե՞ 800 ) պտի կրակեինք…
    – մեր դեմ խաղ չկա….
    – 100 տոկոս էլ հավաքեին, իշխանություն տվող չկա..

  2. Armen says:

    Ես ուղղակի զարմանում եմ մարդկանց կարճամտության ու հիշողությունից զուրկ մարդկանց վրա :
    Վազգեն Սարգսյանն էր, ով 1995-96 թթ Հայաստանում ավազակապետության հիմքերը քցեց, զոռբայությամբ ու դեմս խաղ չկա, ոնց ուզենամ այդպես էլ կանեմ, իրա շնորհիվ էր, որ 4-րդ դասարանի կրթությամբ համալսարանների դիպլոմ ներ ու գեներալների կոչումներ ձեռք բերեցին, ռեցեդեվիստ Սուրիկը Սյունիքում ազգի արյունը խմեց, Մանվելն ու մյուսները Էջմիածնում և այլ վայրերում, իրա շնորհիվ էր, որ երեսապաշտների ու քծնողների մի ամբոխ առաջացավ, որոնք ընդրությունից ընդրություն

  3. Նարեկ says:

    Մանվել Գրիգորյանը հերոս չի: Հենց սկզբից սխալ պնդում է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031