Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնալու ենք Մայր աթոռում անժամկետ, քանի դեռ կաթողիկոսը հրաժարական չի տվել». Կարեն Պետրոսյան (տեսանյութ)

Հուլիս 07,2018 14:11

«Հայաստանը նախ նոր չէ, Հայաստանը շատ հին է, հին էլ մնալու է: Եթե եկել, ուզում են, որ այլասերվածություններ բերեն այս երկիր, չի լինելու»,-մինչ Մայր Աթոռի դիվանատան առջև «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները պնդում էին, թե կաթողիկոսը պետք է հրաժարական տա, դրսում՝ Մայր աթոռի առաջ, մի խումբ անձինք ի պաշտպանություն Գարեգին Բ-ի ցույց էին անում:

Ցուցարարներից մի կին, անդրադառնալով կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին և Սուրբ Գեղարդի շուրջ ծավալված խնդիրներին, վրդովված հայտարարեց. «Նման կեղծերն իրավունք չունեն նման սրբություններին մոտ գնալ: Այս խաժամուժից դուրս ո՞վ են իրենք. աղանդավորներ»:

Այս ընթացքում Մայր աթոռի դիվանատան առջև հրավիրված ասուլիսի ընթացքում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամ Կարեն Պետրոսյանը վստահեցրեց՝ մնալու են Մայր Աթոռում անժամկետ, քանի դեռ կաթողիկոսը հրաժարական չի տվել: Դառնալով երեկ տեղի ունեցած սադրանքներին՝ նա ասաց. «Նույնիսկ երեկ ժամը վեցին մեզ վրա էին դուռը փակել: Ոստիկանների հետ մնացել էինք ներսում: Արշակ սրբազանին էլ հատուկ շնորհակալ ենք, որ զուգարանների դռներն էլ եք փակել: Մեզ մեղադրում էիք տարբեր բաների մեջ, հիմա մե՞զ եք վստահում այս տարածքը, Արշակ սրբազան: Երեկ մի քանի սադրիչներ եկան: Զգուշացնեմ, որ եթե կաթողիկոսի հարյուր սադրիչը գան, մեր հարյուր հազարավոր ընկերներն այստեղ կլինեն: Այս կաթողիկոսը բռնապետ է, հին  իշխանության մի մասնիկն է: Նա Սերժի Հայաստանի մնացորդ է»:

Կարեն Պետրոսյանը հայտարարեց, թե ապրիլյան պատերազմի օրերին կաթողիկոսն ու իր եղբայրը միլիոնավոր դոլարներ կերել են. «Երեկ Տեր Խաչատուրը փաստեր ներկայացրեց: Ապրիլյան պատերազմի օրերին կաթողիկոսը Արցախի իշխանությունների հաշվեհամարը փոխեց, իր և եղբոր հաշվեհամարը ներկայացրեց, որ գումարները փոխանցվեն և իրենք թալանեն»:

Հայր Կորյունն էլ վստահեցրեց՝ մի քանի օրերի ընթացքում կլինեն բացահայտումներ: Նա վստահեցրեց՝ նույնիսկ կան հոգևորականներ, որոնք իրենց սատարում են, բայց անուններ տալ չի կարող. կհրապարակեն կաթողիկոսի հրաժարականից հետո:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031