«Խայտառակություն է, երբ տարեկան 30 000 հյուր է այցելում Գյումրի: Երբ ինչ-որ առիթ ենք նշում, ի՞նչ պարտադիր է երեւանյան ռեստորանում նշել: Կարելի է Գյումրի գնալ: Պետք է սկսել վերաբերմունքից»,-ուսանողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Ըստ նրա՝ հայրենասիրությունը միայն սահմանը պաշտպանելը չէ, այլ վերաբերմունքը մշակույթի եւ, օրինակ, Շիրակի մարզի ժառանգության հանդեպ. «Առնվազն մի քանի հարյուր հազարի ներքին տուրիզմ պետք է ունենանք: Գյումրին պատմություն է: Ինչպե՞ս այն ցույց տամ տուրիստին, եթե ինքս չեմ ճանաչում: Տարեկան մեկ միլիոն հայ գնում է Վրաստան…եկեք մեր վերաբերմունքը փոխենք»:
Արմեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ 2800-ամյա Երեւանի արժեքը ժամանակակից շենքերը չեն. «Տասը տարի հետո դրանք ժամանակակից չեն լինելու: Ժամանակակից են պատմական՝ հին շենքերը: Ժամանակակից լինել՝ չի նշանակում Երեւանից Դուբայ սարքել: 2800 տարեկան մայրաքաղաքը պետք է ցույց տալ: Հյուրերը գալիս են ու դա են ցանկանում տեսնել, բայց ո՞ւր է, չեն տեսնում…»:
Արմեն Սարգսյանը մեկ այլ թիվ մատնանշեց՝ տարեկան 18 000 հայ է այցելում Արցախ. «Մեծ մասը երեւի զինվորների ծնողներն են: Ստեփանակերտն ավելի էժան քաղաք է, քան Երեւանը, մարդիկ էլ ավելի պարզ են: Ինչո՞ւ չեք գնում Արցախ: Պարտադիր միայն սահմանը պաշտպանելու համար պետք է գնա՞նք: Ճանապարհներն էլ հոյակապ են, հյուրանոցների պակաս էլ չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ