Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզո՞ւմ եք գյուղացին շահի, պաշտոնի նշանակեք գյուղի տղաներին»

Հուլիս 07,2018 13:00

Վարչապետին առաջարկում է իրացման շուկայի խնդիր
ունեցող ֆերմեր Գեւորգ Աբրահամյանը

Շիրակի մարզի Ազատան գյուղի կարտոֆիլագործությամբ զբաղվող ֆերմերներից մեկը՝ Գեւորգ Աբրահամյանն «Առավոտ»-ին դժգոհեց, որ իրենց համար գերխնդիր է մնում սպառման շուկա գտնելը։ Ըստ նրա, նախկին կառավարության անդամները` վարչապետի, գյուղնախարարի մակարդակով մշտապես հայտարարում էին, թե ինչքան կարող եք գյումթերքներ արտադրեք, սպառման շուկայի խնդիր չի լինի, սակայն որեւէ անգամ չէին օգնում իրացմանը։ Ըստ մեր զրուցակցի, վերջին հաշվով, յուրաքանչյուր ֆերմեր ինքն է գտել իր շուկան՝ կապ պահելով վրացական ու ռուսական շուկայի «տղեքի» հետ։

«Չեմ ասում, թե ընկերություն ենք անում, բայց ծանոթությունը, կապը պահպանում ես, երբեմն գումար ես ծախսում այնտեղի մեծածախ առեւտրով զբաղվող տղաների վրա, պատիվ տալիս, որ իրենք քեզ չմոռանան։ Իմիջիայլոց, ասեմ, որ Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլ արտահանողները հիմնականում Հայաստանում ծնված, բայց ռուսաստանաբնակ եզդիներն են։
Ինչպես միշտ, մեր առաջնահերթ խնդիրների շարքում սպառման շուկան է։ Իհարկե, որոշ բացառություններ եղել են, ասենք 2-3 տարի իրար վրա սպառում են ունեցել, մարդիկ քաջալերվել են, մտածել են՝ կարելի է այս գործը զարգացնել, բայց 4-րդ տարին հակառակ պատկերն է եղել։ Կոնկրետ այս տարվա գարնանը շատ ֆերմերներ նորից ընկան բանկերի դուռը, նորից պարտքերի, վարկերի տակ, նույնիսկ պարենային խոշոր կարտոֆիլը հայրուրավոր տոննաներով մնաց մարդկանց վրա։ Ստիպված մյուս ֆերմեր ընկերները, օրինակ՝ ես էլ անձամբ օգնեցի, որ սառնարան մեքենաներով տանեն, հասցնեն ռուսական շուկա, բայց դժվարությամբ վաճառեցին, հետ ընկան, ստացվեց, որ Ռուսաստանն էլ այս գործին օգուտ չտվեց», -ասում է մեր զրուցակիցը։
Գեւորգ Աբրահամյանի ներկայացմամբ, երբեմն պահեստներում մեծ քանակությամբ կարտոֆիլ է մնում չիրացվելու պատճառով, օրինակ՝ նրա ֆերմեր ընկերներից մեկը, որը սկսել է նաեւ անասնապահությամբ զբաղվել, վերջերս ստիպված է եղել էժան գներով վաճառել այն որպես անասնակեր, որպեսզի կարողանա գոնե վերցրած վարկերը փակել։
Նրա պնդմամբ, եղել է ժամանակ, որ պետական մակարդակով ոչ միայն չեն օգնել շուկա գտնելուն, այլ թույլատրել են կարտոֆիլ ներմուծել դրսից։ Օրինակ՝ Իրանի շուկայից հայկական շուկա է թափանցել Պակիստանում արտադրված կարտոֆիլ, կան փաստեր, որ 2016 թվականի ապրիլ ամսվա վերջին, մայիսի սկզբին Բելառուսից են նաեւ կարտոֆիլ ներմուծել։ «Որակով, բնականաբար, մրցակցային չէ մեր արտադրած կարտոֆիլի հետ, ովքեր օգտվել են, ասում են, թե տհաճ համ է գալիս, գույնը սեւ է, ոնց որ դիզելային վառելիքի հոտ գա, բայց այնտեղից էժան գներով առնում էին, բերում լցնում էին մեր շուկան, կարող է մի տաս դրամ էլ մեր սահմանած գնից ցածր վաճառվեր», -ասում է Գեւորգ Աբրահամյանը։


Նրա ներկայացմամբ, այս տարի բերք արտադրելը թանկ է նստել ֆերմերի վրա, քանի որ սերմի տնկանյութը Եվրոպայից ներկրվել է թանկ գներով, մեկ տոննայի համար 80-100 հազար դրամ ավել են տվել։ Այս թանկացումը կապված է եվրոյի կուրսի բարձրացման հետ։ Կոնկրետ այս տարի տնկանյութի պատճառով իր ծախսերն ավելացել են մեկ միլիոնով։ «Այսօր ֆերմերը մեկ հեկտարի վրա, եթե տնկանյութը իր անցած տարվա գնածն է ու կախված այն հանգամանքից՝ դաշտը վարձակալությա՞մբ է վերցել, թե՞ իր սեփականն է, մինչեւ բերք դարձնելը կծախսի 1 մլն. 600 հարյուր հազարից մինչեւ 2 միլիոն դրամ։ Իսկ եթե Եվրոպայից այս տարի ձեռք բերված տնկանյութն է, արդեն մոտ մեկ միլիոն ավելի է նստում մեկ հեկտարի հաշվով, այսինքն՝ կազմում է 2 մլն. 600 հարյուր հազարից մինչեւ 3 միլիոն դրամ։ Ես կոնկրետ մեկ հեկտարի վրա ծախսել եմ 3 միլիոն դրամ՝ իր սերմով, վարձակալած հողով, դեղանյութով, պարարտանյութերով, քաղհանի բանվորով, մշակումներով։ Այսօր էլ արդեն ոռոգման սեզոնն է, ամենակարեւոր սեզոնն է, կարող է մի երկու օր ուշացնես, խնդիր ունենաս եւ՛ բերքի քանակի, եւ՛ որակի։ Ամեն դաշտ չէ, որ 40 տոննա բերք կտա, կան դաշտեր, որոնց բերքատվությունը միջին է, այդ հողի հնարավորությունները դա է, ասենք ստացել են 20 տոննա, այդ 20 տոննայից վաճառքի բերք դուրս է գալիս մոտ 13-14 տոննան պարենային շուկայի համար։ Այդ 13-14 տոննան էլ, եթե այսօրվա 60-70 դրամով հաշվենք, եկամուտ կստանա՞։ Այսինքն ստացվում է, որ 13-14 տոննան 60-70 դրամով վաճառեց, մեկ միլիոն գումար կազմեց, տակը մնում է մանր չափը, թող դա էլ 200 հազար կազմի, ստացվեց 1 միլիոն 200 հազար դրամ, բայց էդ մարդը ծախսել է 1 միլիոն 600 հազարից մինչեւ 2 միլիոն»,- հաշվարկ է անում մեր զրուցակիցը։
Ըստ նրա, գերխնդիր է նաեւ ներքին շուկայում լավ սպառում չունենալը։ «Մենք նաեւ ներքին շուկայում լավ սպառում չունենք. տեղում մեր բնակչությունը պիտի շատ լինի, բացի շատ լինելուց, պիտի գնողունակ լինի, սա ամենացավոտ կողմն է, որ գնողունակ բնակիչ չունենք։ Ուսանողի գրպանում փող կա՞, որ ասենք որեւէ սրճարանում կարտոֆիլով ֆրի ուտի կամ կարտոֆիլով աղցան։ Ես Գյումրու առեւտրի օբյեկտների հետ աշխատում եմ, քաղաքի կենտրոնական սրճարաններից մեկը տաս օրվա կտրվածքով 400-500 կիլոգրամ կարտոֆիլ է սպառում։ Իսկ Երեւանում այդ նույն սրճարանի ցանցերը հնարավոր է եւ ամեն օր այդ քանակությամբ սպառեն»։


Մեր հարցին ՝ գյուղմթերքների տոնավաճառը չի օգնո՞ւմ, որ ապրանքը վաճառեք, Գեւորգ Աբրահամյանը այն «ստից բան է» համարում՝ ասելով, թե կոնկրետ կարտոֆիլի սպառման համար դրանք չեն օգնում. այս հարցը գլոբալ լուծում է պահանջում։

Որպես հարցի լուծման եղանակ՝ ֆերմերն ասում է. «Պետությունը պիտի հայտարարի՝ ժողովուրդ ջան, ոչ թե ավելացրեք արտադրությունը, հնարավոր չէ այդ քանակությամբ այդ ապրանքից վաճառել, ցանքատարածությունները կրճատեք, եթե կարող եք ուրիշ բանով զբաղվեք։ Թող կոնկրետ առաջարկեն կարտոֆիլը ինչ մշակաբույսի արտադրությամբ փոխենք։ Հենց իրենք պետք է առաջարկեն, գյուղվարչությունները, գյուղնախարարությունը հենց դրա համար են, ինչի համար են էդ գիտնականնները վերեւները նստած։ Ասֆալտի վրա մեծացած մարդիկ ո՞նց կարող են գյուղախարարությունում աշխատել կամ գյուղվարչության պետ լինել։ Գյուղում մեծացած կիրթ տղան կարող է գլուխ հանել։ Ես Փաշինյանին խնդրելու եմ ՝պարոն Փաշինյան, գյուղոլորտի բոլոր աշխատակիցներին գյուղերից նշանակեք, թող բոլորը գյուղի տղաներ լինեն։ Սա շատ կարեւոր է, կարող է գրագետ մարդիկ են, շատ ենք սիրում, շատ հարգում, բայց գյուղատնտեսությունից մինիմալ գիտելիքներ ունեն։ Նրանք պիտի կարողանան կոնկրետ հաշվարկ անել, պլանային ցանքաշրջանառություն ներկայացնել, եթե չեն ուզում, որ գյուղացին վարկերի տակ մնա»։
Ի դեպ, մեր զրուցակիցը խոսեց նաեւ պետության կողմից գյուղացիներին շուկայականից էժան գներով տրամադրված դիզվառելիքի մասին։ «Ես էժան գներով դիզվառելիքից օգտվել եմ, պատասխանատու ձեւով ասում եմ՝ ոչ մի անգամ իր որակական հատկանիշները չեն համապատասխանում մեր պահանջարկին։ Մենք այսօր ունենք գերմանական արտադրության երկու տրակտոր, բավականին էլ թանկարժեք են, էժան գնով դիզվառելիքից մի անգամ օգտվել եմ։ Մի տոննա բերեցի, դատարկեցի՝ մտածելով, որ կօգտագործեմ այս տրակտորների համար, ահագին ժամանակ բավարար է մեզ։ Տրակտորավար եղբայրներս դժգոհեցին, թէ մյուս անգամ այս դիզվառելիքից չբերես, ավելի լավ է բենզալցկայանից թանկ գնով բերենք, քան սա, որը ձեռք բերելու համար տանջվել ես, մի բան էլ բերան ես ծռել։ Ասին, որ այդ որակի վառելիքը կփչացնի մեր տրակտորները»,- ասում է ֆերմերը։


Գեւորգ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է՝ ոչ միայն զիջել գյուղատնտեսական վարկեր վերցրած անձանց տույժ-տուգանքը, այլ մտածել գյուղվարկերը էժան տալու մասին։ «Վերջիվերջո մեղք են մարդիկ, դրսերում 1-2-3 տոկոսով են գյուղվարկերը տալիս, ամոթ է, էսպես գերշահույթ ստանալ կլինի՞, կան բանկեր, որոնք 16 տոկոսով են տալիս»,- ասում է մեր զրուցակիցը։

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

06.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031