Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը Արմեն Գրիգորյանի ելույթը հայերեն էր

Հուլիս 06,2018 23:20

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Հայաստանի դեսպանատուն: ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը բարձրաստիճան հյուրին ծանոթացրեց ընդունելությանը ներկա օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո Արմեն Գրիգորյանը հանդես եկավ կարճ ելույթով, որը հայերեն էր՝ ռուսերենի զուգահեռ թարգմանությամբ: Ներկաներին մի փոքր կաշկանդեց, բայց և այնպես հաճելիորեն զարմացրեց այդ փաստը, քանի որ, թերևս առաջին անգամն է, որ Հայաստանից ժամանած պաշտոնյան ռուսալեզու լսարանի մոտ հանդես է գալիս հայերեն լեզվով:

Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ հանդիպում է ունեցել ՌԴ Անվտանգության Խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, քննարկել են մի շարք օրակարգային հարցեր՝ ջերմ և կառուցողական մթնոլորտում (իր ֆեյսբուքյան էջում ԱԽ քարտուղարն այս հանդիպման մասին մասնավորապես հայտնել է. «Երկուստեք վերահաստատեցինք անվտանգության և պաշտպանական ոլորտներում մեր երկու երկրների հարաբերությունների շարունակականության ապահովումն ու ամրապնդումը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման շուրջ համագործակցության հարցեր:
Միաժամանակ, գործընկերոջս հայտնեցի իմ մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանության և սահմանին զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը». խմբ):

Անվտանգության խորհրդի քարտուղարը թավշյա հեղափոխությունը համարելով հայ ժողովրդի պատմության ամենաբեկումնային ժամանակահատվածներից մեկը, ընդգծեց, որ հայ ժողովուրդը իր հավաքական գիտելիքի մեջ կուտակելով մարդկության փորձը, կարողացել է մեկ տեղում խտացնել Ինդիրա Գանդիի, Դոստոևսկու և Ռուսսոյի իմաստությունը և լծվել է հզոր և ինքնիշխան պետություն կառուցելուն: Մենք պարտավոր ենք կառուցել Տիգրան Մեծի, Վիկտոր Համբարձումյանի, Շառլ Ազնավուրի և Մոնթեի երազած հայրենիքը, եզրափակեց Արմեն Գրիգորյանը:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. PATRON says:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈԻՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է!!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031