Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ծանոթացել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին

Հուլիս 06,2018 22:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, որի ընթացքում Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը և տնօրեն Մարի Լու Փափազյանը նրան են ներկայացրել այնտեղ ստեղծված պայմանները, կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը:

Նշվել է, որ կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակներում 12-18 տարեկան պատանիները ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Վարչապետը շրջայցի ընթացքում այցելել է կենտրոնի դասընթացների սենյակներ և աշխատարաններ, զրուցել այնտեղ սովորող պատանիների հետ, ովքեր կառավարության ղեկավարին են ներկայացրել այստեղ ստացած գիտելիքներն ու նորագույն տեխնոլոգիաների միջոցով մշակվող ծրագրերը: Կարևորելով կրթական կենտրոնի գործունեությունը` վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այն հրաշալի հնարավորություն է պատանիների համար ստանալու մասնագիտական լավ կրթություն:

Մարի Լու Փափազյանը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից մշակվող երկու նոր նախաձեռնություններ: Առաջինը՝ Թումո լաբերը (Convergence Center) նախատեսված են լինելու համալսարանական տարիքի ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար և լրացնելու են նրանց համալսարանական կրթությունը՝ առաջարկելով առաջատար ոլորտներում գոյություն ունեցող կամ նախատեսվող նախագծերի վրա աշխատելու իրական հնարավորություն: Մյուսը Թումո 28 նախագիծն է, ըստ որի, ի հավելումն արդեն գոյություն ունեցող չորս Թումո կենտրոնների, պիտի բացվեն ևս 24-ը: Ակնկալվում է, որ սա էականորեն կբարձրացնի Թումո կենտրոնների հասանելիությունը շրջաններում՝ հնարավորություն տալով Հայաստանի ցանկացած բնակավայրից առավելագույնը մեկ ժամվա ընթացքում հասնել նախատեսվող կենտրոններից որևիցե մեկը:

Կենտրոնի ուսանողները վարչապետին խնդրել են կազմակերպել նոր հանդիպում, որի ընթացքում կկարողանան նրան ուղղել տարբեր հարցեր: Նրանց մյուս խնդրանքները վերաբերում էին Հայաստանում Թումո կենտրոնների ընդլայնմանը նպաստելուն և տեղում ֆեյսբուքյան ուղիղ եթեր կազմակերպելուն: Վարչապետը դրական է արձագանքել պատանիների բոլոր խնդրանքներին, այդ թվում՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի հետ կապված և սոցիալական ցանցի իր միկրոբլոգով Թումոյից դիմել իր հետևորդներին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ այս բոլորը, ո՞ր թուականներին գոյացան… հմմմ…

    • Հ.Շ. says:

      եւ անցած ութը տարիների ընթացքին, Թումոյի դրսեցի հիմնադիրները եւ տեղաբնակ վարչականները, երբեւիցէ նեղութիւն կրե՞լ են, որեւէ գանգատ ունեցե՞լ են, յայտնե՞լ են, օրուայ վարչակարգի նկատմամբ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031