Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարարը՝ փոխվարչապետի օգնականի տարկետման մասին. «Հանձնաժողովը չի էլ իմացել` նա ով է»

Հուլիս 06,2018 22:43

Aravot.am-ը ստացել է ուսանողներից մեկի դժգոհությունը հունիսի 22-ին կազմակերպված պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար նշանակալի նվաճումներ ունեցող ուսանողների հարցազրույցի վերաբերյալ: «Դրանից էլ կախված կլիներ` տարկետում տալո ՞ւ են տվյալ ուսանողին, թե՞ ոչ։ Մինչ հարցազրույցը ներկայացրել ենք  համապատասխան փաստաթղթերը՝ մոգ, հոդվածներ և այլն։ Նախապես հայտարարված էր, որ հարցազրույցը պետք է լինի բաց, որին լրագրողները նույնպես կարող էին ներկա լինել, բայց արգելեցին, հետո ասացին, որ ֆեյսբուքով ուղիղ միացմամբ կլինի, դա էլ չեղավ։ Հարցազրույցը տևել է ընդամենը 10 րոպե, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում է ինքն իրեն, և 10 րոպեում հանձնաժողովը եզրակացնում է, թե ինչքանով է մոտիվացված ուսանողը: Հանձնաժողովում նստած մարդիկ, այդքան էլ ուշադիր չլսելով, հաճախ նույն հարցը մի քանի անգամ տալիս էին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ուսանողը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։

Նա նշեց, որ հարցազրույցին մասնակցում էր նաև առաջին փոխվարչապետի օգնականը՝  Վահան Կոստանյանը, որը մեր զրուցակցի հավաստմամբ, հազիվ է  հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 66։

«Բողոքարկման ժամանակ պահանջել ենք բոլորի ձայնագրությունները, այդ թվում՝ հատկապես Վահանի, որպեսզի համեմատենք, բայց ԿԳ նախարարությունը չի տրամադրում դրանք և ոչ մի կոնկրետ բացատրություն չի տալիս, թե որն է պատճառը, որ հանձնաժողովը նման անհիմն որոշում է կայացրել »,- հանձնաժողովի աշխատանքը «սուբյեկտիվ» է գնահատում մեր զրուցակիցը:

Երիտասարդի հավաստմամբ. «Բողոքարկման ժամանակ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը բավականին կոշտ ձևերով պաշտպանում էր հանձնաժողովին, մոռանալով, որ ինքն էլ է նախկինում պայքարել դրա համար»:

Ուսանողն ասաց, որ սա  մի խումբ ուսանողների հավաքական կարծիքն է, եւ իրենք պատրաստվում են բողոքի ցույց անել կառավարության շենքի առաջ:

Նա նաեւ հավելեց, որ բոլորը «կտրվել» են 1-2 միավորի պատճառով, իսկ նրանք, որոնք ԵՊՀ-ի  «Հանուն գիտության» շարժման մեջ էին, անխտիր «անցել» են  և ազատ ելումուտ ունեն նախարարություն:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանից:

«Երբ ԱԺ-ն ընդունեց  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, այնտեղ նշվեց, որ միայն նշանակալի հաջողություններ ունեցողները կարող են տարկետում ստանալ, հետո ընդունվեց կարգ այն մասին, թե ինչ է նշանակալի հաջողություն: Կարգում սահմանվեցին շատ բարձր շեմեր: Իշխանափոխությունից հետո մենք տարկետման հարցին անդրադառնալու ենք, պարզապես չհասցրինք փոփոխություններ իրականացնել զուտ ժամկետային առումով, ուղղակի ստիպված էինք նույն կարգի մեջ որոշակի տեղաշարժեր անել, որոնցից մեկն էլ շեմի իջեցումն էր 60-65-ի, եւ այդ քննարկումները եղել են վարչապետի մոտ, ուսանողների հետ, կարծիքների բախումներ, պաշտպանության նախարարությունն է ներկա եղել այդ ամբողջին: Շեմերն իջեցվեցին 60` մագիստրատուրայի, 65` ասպիրանտուրայի համար: Իմաստն այն էր, որ 65-ի դեպքում մարդը գոնե մեկ հոդված ունենա, որպեսզի  կարողանա ընդունվել ասպիրանտուրա: Մենք բավականին թեթեւացրինք, որովհետեւ նախկինում միայն «Սկոպուս» էր դրված, իսկ «Սկոպուսում» շատ բարդ է հրատարակվելը, մենք  ԲՈՀ-ի ամսագրերը եւս այստեղ ներառեցինք: Սա որոշակի խնդիրներ առաջացրեց, որովհետեւ շատ երեխաներ կային, որ արտասահմանյան ոչ ֆոկուսային, այսպես կոչված ֆեյք ամսագրերում հրատարակվել էին, եւ դա այդ կարգի մեջ չէր տեղավորվում, այդ պատճառով էլ երեխաների հոդվածները չէին հաշվվում: Բնականաբար, դժվար է դրսում հրատարակվելը, ԲՈՀ-ի շատ ամսագրերում ավելի հեշտ է տպվելը: Ես ընդունում եմ, որ այստեղ որոշակի անհավասարություն կար, բայց մենք չէինք կարող հատիկ-հատիկ ամսագրերի անունները դնել: Որոշակի սկզբունք էր պետք, եւ շատ արագ եղան փոփոխությունները: Իբրեւ սկզբունք՝ ընդունվեցին ԲՈՀ-ի ամսագրերը, հնարավորություն տալով մեր տեղացի ուսանողներին իրենց՝ այնտեղ հրապարակված հոդվածները բերելու: Հետո մտցրինք թոփ 50 hամալսարանների գաղափարը, եթե օրինակ՝ Շանհայի ցուցակով ընդունվում են, պարտադիր պետք է բերեն scholarship, ինչը հատուկ պահանջ էր, որովհետեւ այդ հիսունի մեջ կան համալսարաններ, որտեղ ընդունվելը հեշտ է,  եթե ունես գումար: Մանավանդ նման մի դեպք ունեցանք, ծնողը մի քանի օր շարունակ թե ինձ, թե նախարարի, թե հանձնաժողովի համար վիճաբանությունների շղթա էր կազմակերպել, որովհետեւ ինքն էր վճարել իր տղայի գումարը, եւ պնդում էր, որ տղան պետք է տարկետում ստանա, ինչը կարգի խախտում էր: Մենք կարգի որեւէ շեղում թույլ չենք տվել, այնտեղ, իհարկե, եղան երեխաներ, որոնց մեկ բալ պակասեց անցողիկ շեմը հաղթահարելու համար, բայց կար հանձնաժողով, որը կազմված էր բացառապես հայտնի մարդկանցից,  ՊՆ ներկայացուցիչ , ԿԳ նախարարություն, գիտպետկոմ, հկ-ներ եւ ուսանող, հանձնաժողովն էր որոշում: Մենք դիմեցինք նաեւ ակտիվ ուսանողական շրջանակներին, որոնք պայքարել էին շարժման համար: Որպես շահառու խումբ՝  իրենք ներկայացրին իրենց թեկնածուներին, իրենք ընտրություն արեցին, որոնց ներառեցինք առանց հարցուփորձ անելու»,-ասաց փոխնախարարը:

Մեր դիտարկմանը, որ մի խումբ ուսանողներ դժգոհ են մնացել միավորներից, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես նայել եմ, ուսանողները բարձր են գնահատել իրենց ընկերներին, չեմ հասկանում, թե որն է դժգոհության պատճառը: Եթե ուսանողի գնահատականը հանեինք, իրենց գնահատականն ավելի էր իջնելու: Տղա կար, որ ոչ օբյեկտիվ էր համարում հանձնաժողովին, բայց յուրաքանչյուր ցածր ստացող էլ կարող է ասել, որ հանձնաժողովն օբյեկտիվ չէ: Մինչդեռ, նայել ենք հանձնաժողովի անդամների  նշանակած գնահատականները, միջին գնահատականը  7-10-ի սանդղակում է տատանվել, չի եղել դեպք, որ որեւէ անդամ մեկերով գնահատած լինի»:

Հարցրինք, թե ինչո՞ւ հեռարձակում չի եղել, ինչպես պնդում են ուսանողները: «Նույն ուսանողները մեզ խնդրեցին, որ հեռարձակում չլինի, որովհետեւ սկզբից մտնողներն ավելի վատ վիճակում կհայտնվեին, քանի որ հետո եկողները կտեսնեին, թե ինչ հարցեր են տվել, ավելի հեշտ կպատասխանեին հարցերին: Ինչ վերաբերվում է տեսագրություններին, բոլորինը կարող ենք տրամադրել, բայց ուրիշինը չենք տրամադրի, որովհետեւ դա անհատական տվյալ է: Եթե դատարան դիմեմ, ասեն բերեք համեմատեմ, կարող են տեսագրությունները միայն այդ դեպքում  պահանջել»,-պատասխանեց փոխնախարարը:

Նաեւ հավելեց, որ ինչ նշանակվել է պաշտոնի, իր ամբողջ աշխատաժամանակի ութսուն տոկոսը ծախսում է տարկետման խնդիրների վրա: Նրա խոսքով. «Եթե մնար նախորդ կարգը, ընդամենը երեք-չորս ուսանող էր անցնելու, մինչդեռ հիմա՝ տարկետում է տրվել հարյուր երեսուն հոգու: Իհարկե ընդունում եմ, որ կային որոշակի խնդիրներ, օրինակ մի տղա չորս-հինգ հոդված էր տպագրել դրսում, բայց ֆեյյք ամսագրերում, ու մի տեսակ անարդար էր ստացվում, բայց  այդտեղ էլ ոչինչ անել չենք կարող, որովհետեւ օրենք կա եւ համապատասխան կարգ: Նույնիսկ աբսուրդի հասնող դեպքեր եղան, երբ բերել էին փաստաբանական արտոնագիրն ու ասում էին՝ սա գիտական արտոնագիր է, պետք է հաշվեք»:

Խնդրեցինք պատասխանել նաեւ առաջին փոխվարչապետի օգնականի վերաբեյալ ուսանողների դժգոհությանը:

«Առաջին փոխվարչապետի օգնականը դիմում էր գրել, իր լիազորությունները դադարեցվել էին, որքան գիտեմ՝ այլեւս չի վերականգնվել, որոշել է զբաղվել գիտությամբ: Ինչպես բոլորը, նա էլ է եկել, մասնակցել է, ուներ հրատարակված հոդված, հաշվել են, հանձնաժողովը քննել է, նույնիսկ նայեցի նրա գնահատականները, միջինացված գնահատականներ է ստացել, հանձնաժողովը չի էլ իմացել, թե ինքն ով է: Գիտնական մարդիկ էին, մեծ մասին հետաքրքիր չի, թե ով ով է: Հասկանում եմ, որ նուրբ հարց է, եւ ամեն ծնող իր երեխայի մասին է մտածում ու պահանջում է հին մշակութային սիստեմով օրենքը խախտես հանուն իրենց… Բայց եթե իմանամ էլ, որ աշխարհի ամենալավ գործն եմ անում, օրենք չեմ խախտի, անգամ հարազատ, բարեկամ ու ընկերս էլ լինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Երբ նյութն արդեն պատրաստ էր, մի խումբ ուսանողներ տեղեկացրին, որ դիմել են  ՀՀ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՀ վարչապետին, քանի որ դժգոհ են ՀՀ կառավարության 2018 ապրիլի 12 -ի N451-Ն որոշմամբ ստեղծված ԿԳ նախարարության հանձնաժողովի գործունեությունից: Նրանք  խնդրել են վարչապետի միջնորդությունը՝ ընդգրկելու իրենց ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացող անձանց ցուցակում:

Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031