Արմավիրի մարզի Լուսագյուղի գյուղապետի նախկին տեղակալ Արամ Հարությունյանը երեք օր առաջ բերանը կարել եւ հացադուլ է հայտարարել նախ իրենց գյուղում, ապա առողջության վատացման պատճառով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց: Սակայն հրաժարվել է բուժօգնությունից եւ այսօր ցերեկը բողոքը շարունակում էր կառավարության շենքի մոտ:
Նա դժվարանում է խոսել, սակայն Aravot.am-ին ասաց, որ եղել է այսօրվա գործող գյուղապետ Սարիբեկ Կարապետյանի տեղակալը, սակայն, տեղեկանալով բյուջեն փոշիացնելու եւ բազմաթիվ չարաշահումների ու կամայականությունների մասին, դուրս է եկել: Սպասել է, որ ժամանակի ընթացքում գյուղապետը կփոխվի, սակայն դա տեղի չի ունեցել: Երկու անգամ ընտրությունների ժամանակ դրել է իր թեկնածությունը, սակայն պարտվել է, ու անցած տարիների ընթացքում գյուղում էական դրական տեղաշարժ չկա, եթե չասենք խնդիրները գնալով խորանում են: Արամ Հարությունյանի խոսքով վերջին ընտրությունների ժամանակ գյուղապետն իր առջեւ թեկնածությունը դնելու հարցում արհեստական խոչընդոտներ է ստեղծել՝ գիտակցելով, որ ինքը վտանգավոր մրցակից է:
Մեր հարցին, թե բողոքի ակցիան կառավարության շենքի առջեւ տեղափոխելով, նա ի՞նչ ակնկալիքներ ունի եւ ե՞րբ կդադարեցնի հացադուլը, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Սպասում եմ , որ վարչապետը կամ նրա օգնականներից մեկն ինձ ընդունի՝ առանձին խոսենք, քանի որ շատ բաներ ունեմ ասելու: Իսկ հացադուլը կդադարեցնեմ գյուղապետի հրաժարականից հետո միայն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ