Քիչ առաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում բացառության կարգով հատուկ պահոցից դուրս բերվեց եւ լրատվամիջոցների ու հանրության համար ցուցադրվեց Սուրբ Գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը։ Սա արվեց ապացուցելու համար, որ սրբությունն իր տեղում է ու անվնաս վիճակում։ Հիշեցնենք որ այսօր մեծ աղմուկ էր բարձրացրել ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության հայտարարությունը, թե Սուրբ Գեղարդը վաճառվել է։ Հետո հստակեցվեց, թե մասունքից մի կտոր նվիրաբերվել է։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ գեղարդի մի մասունք նվիրաբերվել է ոչ թե ռուս քաղաքապետի, ինչպես նախաձեռնության անդամներն էին պնդում, այլ ռուսաց եկեղեցուն։
Սուրբ Գեղարդը ցուցադրելիս Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ այն դուրս է բերվում միայն յոթ տարին մեկ` մյուռոնօրհնության արարողության ժամանակ, եւ ամեն տարի սուրբ Գեղարդի ուխտի օրը։ 18-րդ դարի 60- ականներից այն պահվում է Մայր աթոռում Վեհափառ հայրապետերի խիստ հսկողության ներքո։ Տեր Ասողիկ փոխանցմամբ` 2004թ. Գեղարդից մի փշրանք է ընդամենը նվիրաբերվել ռուսաց եկեղեցուն երջանկահիշատակ պատրիարքներից մեկի ծննդյան 75-ամյակի առթիվ։
https://www.facebook.com/centerhavatamq/videos/2077300848969556/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Տեսանյութը` «Հավատամք»-ի