Ֆեյսբուքյան առցանց տիրույթում վերջին ժամերին ակտիվ քննարկվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների տեղեկությունը, համաձայն որի՝ Մայր Աթոռում պահվող սուրբ մասունքներից մեկի՝ սուրբ Գեղարդի (որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը) մի կտոր վաճառվել է ոմն ռուս քաղաքապետի: Նախաձեռնության անդամները Վեհափառ հայրապետի այդ որոշումը խայտառակություն են որակում: Մայր Աթոռի դիվանապետ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը եւս այսօր լրագրողներին ասել էր, որ մասունքը նվիրաբերվել է ռուս քաղաքապետի:
Aravot.am-ը փորձեց հարցը հստակեցնել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանից: Մեր հարցմանն ի պատասխան նա տեղեկացրեց՝ մասունքը նվիրաբերվել է ոչ թե ռուս քաղաքապետի, այլ ռուս եկեղեցուն. «Այն ներկայում պահվում է Սանկտ Պետերբուրգի մոտ՝ Կոնստանտին-Հելենի վանքում»:
Տեր Վահրամի փոխանցմամբ՝ քաղաքապետը պարզապես միջնորդ անձ է եղել նվիրատվությունը տեղ հասցնելու գործում: Հավելենք, որ նախաձեռնության անդամները նստացույց են անում Մայր աթոռում՝ Վեհափառ հայրապետի հրաժարականի պահանջով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ