Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Շիրազի անվան փողոցում, որի վերանորոգումը նախաձեռնվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագրի շրջանակներում, մոտ 15 օր է ՝ շինաշխատանքներ չեն ընթանում։ Սա մեծ անհանգստություն է պատճառել թե՛ այդ փողոցում ապրող բնակիչներին, և թե՛ սպասարկման օբյեկտների՝ խանութների, սրճարանների, հյուրատների տերերին։ Վերջիններս դժգոհում են, որ իրենց օբյեկտներ հաճախորդներ գրեթե չեն մտնում, և եթե իրենք համակերպվել էին այն մտքի հետ, որ վերանորոգման ընթացքում իրենց բիզնեսը կտուժի, սակայն հետո լավ կլինի, հիմա անհանգստացած են՝ միգուցե փողոցն այդպես կիսաքանդ էլ մնա՞։
Այստեղ որոշակի շինաշխատանքեր իրականացրել են ՀԷՑ-ը, Ջրմուղը, գազի գրասենյակը, սակայն նրանց աշխատանքների ավարտից հետո բուն շինարարական աշխատանքներ չեն ընթանում։
Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից՝ հետաքրքրվելով՝ ինչո՞ւ չեն մեկնարկում շինաշխատանքները, ֆինանսական խնդիրներ կա՞ն։ Քաղաքի գլխավոր ճարտարապետը փողոցի բնակիչներին ու սպասարկման օբյեկտների տերերին խնդրեց չանհանգստանալ, քանի որ ֆինանսական խնդիրներ չկան։ «Ֆինանսական հարցերը լուծված են, ստորագրված է Համաշխարհային բանկի կողմից, առաջիկայում կսկսվեն, անհանգստանալու առիթ չկա, իր նորմալ հունով կգնա», -ասաց Հենրիկ Գասպարյանը։
Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանն էլ վստահեցրեց, որ ֆինանսավորման խնդիր չկա, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կլինի, արդեն կա համաձայնությունը, ուղղակի որոշակի ընթացակարգ գոյություն ունի։
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պատասխանելով Aravot.am-ին այն հարցին, թե ի՞նչ է լինելու Կարեն Կարապետյանի Գյումրու պատմական կենտրոնը՝ «Կումայրի»-ի արգելոց-թանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագրի հետ, վստահեցրել էր , որ փողոցաշինությանը ոչ մի վտանգ չի սպառնում, նախագծերը հաստատված են, գումարը կա։
Կոնկրետ Շիրազի անվան փողոցի հետ կապված էլ տեղեկացրել հետևյալը․ «Շիրազի փողոցն իր հարակից փողոցներով դեպի հարավ, այսինքն՝ դեպի Գայի փողոց, դեպի Ջիվանի, դեպի Վարպետաց փողոց, վերանորոգելու ենք Համաշխարհային բանկի միջոցներով։ Այսինքն՝ «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի հետ որևէ կապ ունենալ չի կարող։ Նախագծերն արդեն պատրաստ են, մենք մրցույթ ենք հայտարարելու, այն իրականացնելու է Տարածքային զարգացման հիմնադրամը, այսինքն՝ Համաշխարհային բանկի միջոցներով իրենք են իրականացնելու այս ծրագիրը։ Դրա մեջ նույնիսկ մտնում է մեր կենտրոնական հրապարակի ասֆալտապատումը, Գայի փողոցի, Ջիվանի հրապարակի ասֆալտապատումը։ Հիմա օպերատորները՝ Ջրմուղը, ՀԷՑ-ը, կապն աշխատանքներ են իրականացնում, և կոյուղագծերի, և խմելու ջրի հետ կապված բոլոր աշխատանքները վերջացրել ենք, մինչև մայիսի վերջ վերջացրած կլինենք այդ բոլոր աշխատանքները։ Դրանից հետո շինարարը պարզ կլինի, երևի հունիսի վերջ, հուլիսի սկիզբ կսկսենք մեր շինարարական աշխատանքը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ