«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունում
հուլիսի 7-ին տեղի ունեցավ Երևանի հեռուստաաշտարակի հակակոռոզյան շերտի
վերականգնման և ներկման աշխատանքների համար հունիսի 20-ին հայտարարված բաց
մրցույթի ամփոփումը։
Մրցութային հանձնաժողովի քարտուղար Մարինա Նիկոլյանը նշեց, որ մասնակցելու
հայտ են ներկայացրել երեք ընկերություններ՝ «ՄոնտաժՏրանսՇին», «Պրոթերմ» և
«Դավիթ էներջի» ՍՊ ընկերությունները, համապատասխանաբար՝ 69մլն 282
հազար173, 68մլն 160 հազար և 64 մլն 800 հազար դրամ գնային առաջարկներով։
Նույն օրը տեղի ունեցավ նաև տեխհսկողության մրցույթի գնահատման նիստը։ Այս
մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել երկու կազմակերպություններ՝
«Նյու ինդաստրիզ» և «Գրիտիգ» ՍՊ ընկերությունները, համապատասխանաբար՝ 320
հազար և 1 մլն 370 հազար դրամ գնային առաջարկներով։
Մրցութային հանձնաժողովը, որի կազմում էին ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հայաստանի հեռուստատեսային և
ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության և հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ, տեղեկացրեց, որ բաց մրցույթների ընթացակարգերին
համապատասխան՝ հաղթող է ճանաչվում նվազագույն գին առաջարկած ընկերությունը,
եթե այն համապատասխանում է նաև որակավորման չափանիշներին։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության գլխավոր
տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանն ընդգծեց, որ աշխատանքներն իրականացնելու
խիստ պահանջներ են ներկայացված։ Ներկող մասնագետները պետք է ունենան
բարձրության վրա աշխատելու հմտություններ, ինչպես նաև ներկայացնեն
առողջության մասին տեղեկանք:
Հայտերը քննարկելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում,
հանձնաժողովը կորոշի հաղթողին։
308մ բարձրությամբ աշտարակի ներկման աշխատանքները կկատարվեն բարձր ճնշման
սարքավորումներով։ Այն կներկվի կարմիր և սպիտակ գույների բարձր
դիմացկունություն ունեցող բարձրակարգ ներկերով։
Աշխատանքները նախատեսվում է սկսել օգոստոսի սկզբին և ավարտել սեպտեմբերի
վերջին:
Վերջին անգամ Երևանի հեռուստաաշտարակի վրա նմանատիպ աշխատանքներ կատարվել
են 2005 թվականին։
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն