Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ցանկանում է նոր երկաթուղու միջոցով մեկուսացնել Հայաստանը և ինտեգրել Ադրբեջանը

Հուլիս 06,2018 18:36

Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքն ունի խորը պատմություն՝ որպես սահմանամերձ քաղաք: Սկզբում այն անցել է ձեռքից ձեռք Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև, հետո դարձել է ՆԱՏՕ-ի ֆորպոստ ԽՍՀՄ սահմանին, գրում է Eurasianet.org-ը:

Բայց այսօր քաղաքը հավակնում է դառնալ ոչ թե բաժանանարար գիծ, այլ միացնող կետ՝ վերածվելով տրանսազգային ամենահավակնոտ ծրագրերից մեկի հանգույցի:

«Մենք նախատեսում ենք, որ (Կարսը-խմբ.) կդառնա Լոնդոնը և Պեկինը միացնող կամուրջ,- Eurasianet.org-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Ահմեթ Արսլանը:- Մեզ համար այդ նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհն անցնում է Կովկասով»:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռները սկսել են տեղափոխել Ղազախստանից Կենտրոնական Եվրոպա 2017թ. հոկտեմբերից: Այսօր ճանապարհով հնարավոր է տեղափոխել տարեկան 6,6 մլն տոննա բեռ, բայց ծրագրեր կան այդ թիվը հասցնել 50մլն-ի:

Ճանապարհի գաղափարն առաջացել էր դեռ 1993թ., երբ Թուրքիան և Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատճառով փակեցին սահմանը Հայաստանի հետ: Այժմ այդ ճանապարհով գնացքներն անցնում են 846կմ՝ օգնելով ընդամենի 15 օրում տեղափոխել բեռները Լոնդոնից Չինաստան:

«Նախագծի մասշտաբը չի բացատվում բացառապես տնտեսական կամ աշխարհաքաղաքական գործոններով,- ասել է Արսլանը: Մենք նպատակ ենք դրել խթան հաղորդել մեր տնտեսությանը և ինտեգրել մեր շրջանները բոլոր կողմերին հարմար ձևով»:

Նախագծի կողմնակիցները հայտարարում են, որ Հարավային Կովկասը գտնվում է ձևավորվող Եվրասիական սուպերմայրցամաքի հենց սրտում, հսկայական շուկա, որտեղ ապրում է Երկրի բնակչության 65%-ը և որտեղ գտնվում է մոլորակի էներգառեսուրսների 75%-ը:

Սակայն այս ճանապարհը, ինչպես և Եվրասիան հատող մյուս նախագծերը, իրենց հնարավորությունների ամբողջ ծավալով չեն օգտագործվում: Կարսի երկաթուղային կայարանի աշխատակիցները վերջերս Eurasianet.org-ին հայտնել էին, որ այդ շաբաթում կայարանից մեկնել է ընդամենը 5 վագոնանոց մեկ գնացք՝ բեռնավորված գյուղմթերքով:

Այնուամենայնիվ, տեղի պաշտոնյաները չեն կորցնում լավատեսությունը՝ կարծելով, որ այդ ճանապարհը կօգնի լուծել տարածաշրջանի որոշ խնդիրներ, այդ թվում գյութմթերքի տեղափոխումը: «ԲԹԿ-ն ուղղակիորեն աշխատանքով է ապահովում 300 մարդու,- Eurasianet.org-ին ասել է Կարսի նահանգապետ Ռամի Դողանը:- Բայց մենք նաև հույս ունենք ստանալ լրացուցիչ շահ՝ առևտրի զարգացման ճանապարհով: Աստծո կամոք առևտուրը կօգնի լուծել ոչ միայն մեր տնտեսական խնդիրները, այլև ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր»:

Տեղի բնակիչները նաև հույս ունեն, որ քաղաքի ծայրամասում բացվող լոգիստիկ կենտրոնը, որտեղ կիրակականացվի մաքսազերծումը և կպահվեն ապրանքները, կօգնի զարգացնել առևտուրը և դրանով կակտիվացնի ԲԹԿ-ով տեղաշարժը: «Կենտրոնական Ասիայից Չինաստան տարվող ապրանքները կպահվեն այստեղ,- ասել է կենտրոնի շինարարության նախագծի մենեջեր Բարիշ Քանբազը:- Բոլոր տեղափոխվող ապրանքները պահվում են այստեղ, հետո բեռնվում են գնացքում»:

Նաև ակնկալվում է, որ ԲԹԿ-ն խթան կհանդիսանա երկրում աճող զբոսաշրջությանը: Վերջին տարիներին քաղաքի տնտեսական վիճակը բարելավվել է շնորհով «Արևելյան էքսպրես» երկաթուղու, որը Կարսը կապում է Անկարայի հետ: Ձմռանը Կարսը գրավում է զբոսաշրջիկների՝ շնորհիվ Չըլդըր լճի և լեռնադահուկային Սարիղամիշ առողջարանի:

«Այս երկաթուղին շատ կարևոր է, քանի որ կապում է Ադրբեջանը և Թուրքիան, -ասել է Դողանը:- Ադրբեջանը մեր բարեկամն ու դաշնակիցն է, և հետևաբար, նախագիծը կարևոր է քաղաքական առումով, և մենք նաև հույս ունենք, որ այն տարածաշրջան կգրավի ներդրումների համար հնարավորություններ փնտրող բազմաթիվ մարդկանց»:

Տարեվերջին ԲԹԿ-ով պետք է անցնեն առաջին ուղևորատար գնացքները: Նախագծի կողմնակիցները կարծիքով՝ ուղևորների թիվը կարելի է հասցնել տարեկան մինչև մեկ միլիոն մարդու:

«Ադրբեջանական սոցցանցերում բազմաթիվ ուրախ մեկնաբանություններ կան, քանի որ ԲԹԿ-ով անցնող ուղևորատար գնացքի տոմսերը շատ ավելի էժան կլինեն ավիատոմսերից,- ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆուադ Շահբազովը:- Արդյունքում ուղևորատար փոխադրումները կարող են ավելի ակտիվացնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունը»:

Բայց ԲԹԿ երկաթուղին ունի նաև աշխարհաքաղաքական կոնտեքստ: Շահբազովի խոսքով՝ «Թուրքիայի և Նախիջևանի 12կմ-անոց սահմանը կենսական կարևոր նշանակություն ունի էքսկլավի անվտանգության համար»: 2010թ. Անկարան և Բաքուն ստորագրեցին Ռազմավարական համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագիր, ըստ որի Թուրքիան այդ էքսկլավի անվտանգնության երաշխավորն է:

Այժմ դիտարկվում է Նախիջևանը Կարսով երկաթուղիների ցանցին միացնելու հնարավորությունը: Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնատար անձիք հայտարարել են, որ հույս ունեն կարգավորել համագործակցությունն Իրանի հետ՝ ԲԹԿ-ի ճյուղը ներդնելու համար, որը Նախիջևանով կանցնի Իրան և հետո Պակիստան: «Հաշվի առնելով տարածաշրջանի կարևորությունը, մենք ցանկանում ենք իրականացնել ևս մեկ նախագիծ, որը կկապի Կարսը, Նախիջանը, Իրանը և Պակիստանը»,- ասել է Արսլանը:

Բայց Շահբազովի խոսքով՝ տնտեսական առումով նախագիծը միանշանակ չէ:

«Ամենայն հավանականությամբ երկաթուղին Թուրքիային թույլ կտա տեղի շուկան հեղեղել Նախիջևանից եկած ապրանքով,- ասել է նա:- Նաև մտավախություն կա, որ այդ երկաթուղային նախագիծը ծախսը չի վերադարձնի (Ադրբեջանի համար-խմբ.): Այնուամենայնիվ, սոցիալ-տնտեսական նկատառումներից եկնելով՝ Ադրբեջանը կարող է Նախիջևանի ճյուղի վերականգնումը դիտարկել որպես առաջնահերթ նախագիծ»:

Ավելին, Ադրբեջանը տրամադրել է կապիտալ, որը թույլ կտա կյանքի կոչել իրանական շուկա մտնելու Կարսի ծրագրերը: Հունվարին Թեհրանը Բաքվից 500 մլն դոլարի վարկ էր վերցրել՝ Ռաշտից մինչև ադրբեջանական սահման 250 կմ-անոց երկաթուղու կառուցման համար:

Այնուհետև մարտին Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն անցկացրին իր տեսակով առաջին քառակողմ հանդիպումը: Նիստի ավարտին կողմերը հայտարարեցին, որ պատրաստվում են «հետագայում էլ ընդլայնել համագործակցությունը՝ նոր նախագծերի իրականացման համար»:

Սակայն ինտեգրման բոլոր նախագծերում չի երևում մեկ երկիր՝ Հայաստանը:

Թուրքիայի պաշտոնատար անձիք հույս ունեն, որ ԲԹԿ-ն կարող է դառնալ ճնշման օջախ Հայաստանի համար, որը կարող է վերջ դնել ղարաբաղյան պատերազմին:

«Մենք նույնպես ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց նախ պետք է հասնենք մեկ կարևոր նպատակի՝ որպեսզի Հայաստանը դուրս գա Ղարաբաղից»,- ասել է Արսլանը: Նա հավելել է, որ «եթե Հայաստանը դուրս գա Ղարաբաղից», հայ-թուրքական սահմանը կբացվի, և Հայաստանը կարող է մասնակցություն ունենալ ինչպես ԲԹԿ-ին, այնպես էլ Կարս-Նախիջևան ճյուղում:

«Վերջին հաշվով, սահմանի բացումը մեծապես շահավետ կլինի ավելի շատ Հայաստանի համար, քան մեզ»,- հայտարարել է Արսլանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031